17:10 | 12.10.11 | Նորություններ | 3217
Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում բջջային հեռախոսի համարի փոխանցման (Mobile number portability-MNP) ծառայության ներդրման աշխատանքներն արդեն մեկնարկել են, այսօր ասել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) անդամ Սամվել Արաբաջյանը:
MNP ծառայությունը ենթադրում է անցում մեկ բջջային օպերատորից դեպի մյուսը առանց համարի եւ կոդի փոփոխման: MNP ծառայությունը, մասնավորապես, պարտադիր է Եվրամիության բոլոր երկրների համար:
«Մենք արդեն դիմել ենք դոնորներին տեխնիկական աջակցության համար: Մասնավորապես, Ֆինլանդիայի կառավարությունը կարող է գրանտ տրամադրել ՎԶԵԲ-ին, ինչի շնորհիվ մենք կկարողանանք անհրաժեշտ խորհրդատվական աջակցությունը ստանալ», - ասել է Սամվել Արաբաջյանը, պատասխանելով Մեդիամաքս-ի հարցին:
Նա Հայաստանում MNP-ի գործարկման հստակ ժամկետներ չի նշել, ասելով, որ դա կախված է բջջային օպերատորների անհրաժեշտ ներդրումներ իրականացնելու պատրաստակամությունից, ինչպես նաեւ մի շարք իրավական հարցերի լուծումից:
ՀԾԿՀ անդամը հայտնել է, որ 2012 թվականի ընթացքում ՀԾԿՀ-ն մտադիր է Հայաստանում «ազգային ռոումինգի» ծառայությունը ներդնել, «որն ընձեռում է MNP- հնարավորությունների գրեթե կեսը»: