16:32 | 12.10.11 | Նորություններ | 3562

Կարգավորողը գրեթե 5 անգամ իջեցրել է Հայաստանում մեծածախ ինտերնետի գնի առավելագույն մակարդակը

Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն (ՀԾԿՀ) այսօր հաստատել է մեծածախ ինտերնետի սակագների նոր բանաձեւը, որի համաձայն 1 մեգաբիթ անսահմանափակ մեծածախ ինտերնետի առավելագույն գինը ԱրմենՏել ընկերության համար սահմանվում է 35 600 դրամ` նախկին 174 000-ի փոխարեն:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՀԾԿՀ անդամ Սամվել Արաբաջյանն այսօր տեղեկացրել է, որ 2010-2011թթ. Հայաստանում մեծածախ ինտերնետի շուկայում միջին փաստացի գները 66 հազ. դրամի սահմաններում էին (մինչդեռ 2010թ. հունվարի 1-ից առավելագույն գինը սահմանված էր 174 հազ. դրամ) եւ վերջին իջեցումը պայմանավորված է լայնաշերտ ինտերնետի օգտագործողների եւ IP տարանցման կտրուկ աճի հետ:

«Եթե այս տարեսկզբին IP-տարանցման ծավալը Հայաստանում 10 Գբիթ էր, առաջին կիսամյակի արդյունքներով այն կազմել է 17 Գբիթ, իսկ լայնաշերտ ինտերնետ օգտագործողների թիվը տարեսկզբից աճել է ավելի քան 100 հազարով՝ կիսամյակի արդյունքներով կազմելով շուրջ 340 հազար», - ասել է Սամվել Արաբաջյանը:

ՀԿԾՀ ուսումնասիրության համաձայն, Հայաստանում IP-տարանցման ծառայությունների շուկայի 67%-ը պատկանում է Արմենտելին, որն այս շուկայի միակ գերիշխողն է:

Հանձնաժողովի կողմից սահմանվող առավելագույն սակագները կարող են վերաբերել միայն գերիշխող ընկերությանը:

Արմենտելից բացի IP-տարանցման շուկայում գործում են եւս 2 ընկերություն՝ Ֆայբրնետ-ը եւ Ջի-Էն-Սի Ալֆան:

Սամվել Արաբաջյանը տեղեկացրել է, որ 2012թ. սկզբին սպասվում է նոր խաղացողների մուտք այս շուկա: