ԱրմենՏել ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն
16:47 | 10.10.11 | Նորություններ | 3315
Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանում 3G-ինտերնետի ներթափանցման մակարդակը լավագույնն է Հարավային Կովկասում ու լավագույններից մեկը Արեւելյան Եվրոպայում, այսօր ասել է ԱրմենՏել ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Այսօր ելույթ ունենալով Երեւանում ArmTech 2011 համաժողովին` Իգոր Կլիմկոն վկայակոչել է բրիտանական Informa ընկերության հետազոտությունը, որի համաձայն Հայաստանում 3G-ինտերնետի ներթափանցման մակարդակը 33.2% է, մինչդեռ Վրաստանում եւ Ադրբեջանում այդ ցուցանիշը կազմում է, համապատասխանաբար, 12.18% եւ 17,68%:
«ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի վերջին զեկույցների համաձայն, Հայաստանում բջջային ինտերնետից օգտվողների թիվը գերազանցել է 1 մլն-ը` ապահովելով վերջին երեք տարիների ընթացքում լայնաշերտ բջջային ինտերնետի երեքանգամյա աճ», - ասել է Իգոր Կլիմկոն:
«Անկախ վերլուծաբանները նշում են Հայաստանում ընթացիկ տարվա II եռամսյակում ինտերնետ օգտագործողների 19,3% աճը` 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ», - ասել է Իգոր Կլիմկոն` հավելելով, որ ԱրմենՏել-ում լայնաշերտ ինտերնետի բաժանորդների աճը երկրորդ եռամսյակում կազմել է 144.07%:
ԱրմենՏել-ի գլխավոր տնօրենի խոսքերով, այդ թվերը վկայում են այն մասին, որ ինտերնետը շարունակում է մնալ Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի աճի շարժիչը: