12:55 | 04.10.11 | Նորություններ | 6579

Յուքոմ-ը ձեռք է բերում Այքան Քոմունիքեյշնս ընկերությունը

Երեւան/Մեդիամաքս/. Յուքոմ եւ Այքան Քոմունիքեյշնս ինտերնետ պրովայդերների ղեկավարներ Հայկ Եսայանը եւ Րաֆֆի Քասարջյանն այսօր Երեւանում հայտարարել են Յուքոմ ապրանքանիշի ներքո երկու ընկերությունների միաձուլման մասին:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Յուքոմ-ի տնօրեն Հայկ Եսայանի խոսքերով, ընկերության բաժանորդների շրջանում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ նրանց շուրջ 20%-ը կցանկանար օգտվել նաեւ անլար ինտերնետից, եւ, հաշվի առնելով այս հանգամանքը, որոշում է կայացվել համադրել Յուքոմ-ի օպտիկական ցանցի եւ Այքան-ի կողմից տրամադրվող WiMAX տեխնոլոգիաները:

Ըստ Հայկ Եսայանի, ընկերությունը բավականին երկար ժամանակ դիտարկում էր այլընտրանքային անլար ինտերնետ-ծառայությունների մատուցման հնարավորությունը եւ այս նպատակով բանակցում Այքան-ի հետ, «քանի որ վերջինս, լինելով WiMAX տեխնոլոգիայով ծառայությունների շուկայի առաջատարներից մեկը, բավականին մեծ ծածկույթ ունի Երեւանում»:

Յուքոմ-ի տնօրենի խոսքերով, Յուքոմ-ի եւ Այքան-ի բաժանորդները կարող են այսօրվանից դիմել իրենց օպերատորներին՝ ստանալու այն ծառայությունները, որոնք մինչ այդ իրենց պրովայդերները չէին մատուցում:

Հայկ Եսայանը տեղեկացրել է, որ մինչեւ գործարքի ավարտը ընկերությունները կշարունակեն աշխատել իրենց ընթացիկ սակագներով, բայց մոտ ապագայում Յուքոմ-ը կսկսի մատուցել միասնական սակագներով ծառայություն, որի մեջ բացի լարային ինտերնետից, IP-հեռուստատեսությունից եւ հեռախոսակապից կընդգրկվի նաեւ անլար ինտերնետը:

Գործարքի արդյունքում նախատեսվում է Այքան Քոմունիքեյշն ընկերության 100%-ի անցումը Յուքոմ-ին. Հայկ Եսայանի խոսքերով, համապատասխան դիմումն արդեն ներկայացված է Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ): Նա չբացահայտեց գործարքի արժեքը՝ հղում անելով Յուքոմ-ի եւ Այքան-ի բաժնետերերի համապատասխան որոշման վրա:

Րաֆֆի Քասարջյանն իր հերթին նշել է, որ գործարքը դրական կանդրադառնա նաեւ Այքան-ի շուրջ 4000 բաժանորդների վրա, որոնք այսուհետ նույն պրովայդերից կարող են ստանալ ծառայությունների ավելի լայն փաթեթ: