17:48 | 03.10.11 | Նորություններ | 1950
Երեւան/Մեդիամաքս/. Մեկնարկել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ոսկե Ծիրան»-ի նախաձեռնած Gaudeamus ուսանողական կինոփառատոնը:
Փառատոնի նպատակն է միջազգային կինոարվեստի ամենանշանավոր նմուշները հասանելի դարձնել հայ երիտասասարդությանը:
«Gaudeamus կինոփառատոնը բազմաթիվ երիտասարդների հնարավորություն կտա հաղորդակցվել արվեստի ազնվագույն ճյուղերից մեկին` կինեմատոգրաֆին: Ուսանողների համար պետք է մատչելի դարձնել բարձրարժեք ինտելեկտուալ ֆիլմերի դիտումը, քանի որ ոչ մի նորարարություն կամ տեխնոլոգիա չի կարող փոխարինել երիտասարդների գեղագիտական կրթությունը: Բարձրագույն կրթության եւ մշակույթի համադրումն առաջնահերթություն է»,-ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Ֆիլմերի ցուցադրությունները 4 բուհերում նախատեսվում է շաբաթական մեկ անգամ` սկսած 2011թ-ի հոկտեմբերի 3-ից մինչեւ ուսումնական տարվա վերջը:
Հանրահայտ ռեժիսորների աշխատանքներն ուսանողներին են ներկայացվելու շարժական կինոտեխնիկայի միջոցով: Կազմակերպիչները նախատեսում են նաեւ չթարգմանված ֆիլմերի ցուցադրություններ: