15:50 | 30.09.11 | Նորություններ | 961

Ներսես Երիցյան. Ֆիզիկայի ինստիտուտի վերակազմավորման նպատակն է՝ դարձնել այն մրցունակ գիտական կենտրոն

Երեւան: Մեդիամաքս: Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (Երեւանի Ֆիզիկայի ինստիտուտ) հոգաբարձուների խորհրդի նորանշանակ նախագահ Ներսես Երիցյանն այսօր հերքել է մեղադրանքներն այն մասին, որ ինստիտուտի վերակազմավորման մասին ՀՀ կառավարության որոշումն ընդունվել է առանց գիտնականների կարծիքը հաշվի առնելու:

Սեպտեմբերի 1-ի նիստում կառավարությունը որոշում էր ընդունել Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի՝ ՊՈԱԿ-ից հիմնադրամի վերակազմավորելու մասին:

Ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատողներ Ռուբեն Մկրտչյանը եւ Համլետ Մկրտչյանն այսօր հայտարարել էին, որ ինստիտուտի 80 աշխատակիցներ (ընդհանուր աշխատակիցների թիվը շուրջ 450 է) նամակ են ուղարկել ՀՀ նախագահին, վարչապետին եւ ԱԺ նախագահին` բողոքելով այդ որոշման դեմ:
 
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Ներսես Երիցյանն ասել է, որ առնվազն երկու անգամ հանդիպել է ինստիտուտի աշխատակիցների հետ եւ մանրամասն ներկայացրել ծրագրի էությունը:

«Ինստիտուտի վերակազմավորման նպատակն է կառավարման լավագույն միջազգային մոտեցումների ներդրումը, որոնց արդյունքում ինստիտուտը ձեռք կբերի միջազգային մրցունակություն», - ասել է Ներսես Երիցյանը:

Նա նաեւ հերքել է կարծիքներն այն մասին, որ վերակազմավորման եւ ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի ձեւավորման արդյունքում գիտնականների դերը ինստիտուտի կառավարման նոր համակարգում հավասարվել է զրոյի:
 
«Հոգաբարձուների խորհուրդը չի զբաղվելու ինստիտուտի ամենօրյա կառավարմամբ: Դրանով զբաղվելու է ինստիտուտի ներկայիս ղեկավարությունը, որը չի փոխվել: Հոգաբարձուների խորհուրդը հետեւելու է, որպեսզի կառավարության հայեցակարգը լաբորատորիայի վերաբերյալ ռազմավարական բնույթ ստանա եւ պետբյուջեից տրամադրվող միջոցները արդյունավետ օգտագործվեն», - ասել է Ներսես Երիցյանը:

Մեկնաբանելով այն մտահոգությունը, որ, վերածվելով հիմնադրամի, ինստիտուտը կզրկվի պետական ֆինանսավորումից, Ներսես Երիցյանն ասել է, որ պետբյուջեից ինստիտուտի ֆինանսավորումը, ընդհակառակը, կրկնապատկվել է (շուրջ 300 մլն դրամից հասնելով 665 մլն-ի) եւ այդ գումարը մեծամասամբ ուղղվելու է հենց հիմնարար գիտության ֆինանսավորմանը:

«Հիմնադրամի ձեւաչափը թույլ կտա առավել արդյունավետ դարձնել պետության եւ մասնավոր հատվածի միջեւ համագործակցությունը ինստիտուտի զարգացման գործում», - շեշտել է Ներսես Երիցյանը:

Նա նշել է նաեւ, որ համատեղելու է ՀՀ ԿԲ փոխնախագահի եւ ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնները, քանի որ չի վերջինի դիմաց չի վարձատրվելու եւ ստանձնել է այն «անավարտ գործն ավարտին հասցնելու համար»: