11:05 | 20.09.11 | Նորություններ | 2618

Fujitsu-ն գնել է Abbyy-ի 5%-ը

Երեւան/Մեդիամաքս/.Fujitsu-ի PFU Limited դուստր ընկերությունը գնել է Abbyy ընկերության բաժնետոմսերի 5%-ը: Abbyy-ն թողարկում է այնպիսի ծրագրեր, ինչիպիսիք են  Lingvo-ն եւ Fine Reader-ը: Abbyy-ի հիմնադիրներից է «Այբ» կրթական հիմնադրամի ստեղծողներից մեկը` Դավիթ Յանը:

РБК daily-ն այսօր գրում է, որ, փորձագետների վկայակոչմամբ, գործարքի արժեքը կարող է կազմել $100 մլն, իսկ Abbyy-ն ընդհանուր առմամբ գնահատվում է $ 2 մլրդ: Իսկ «Կոմերսանտ» թերթը գրում է, որ «Abbyy-ն ամբողջությամբ պետք է գնահատվի նվազագույնը $400 մլն»:

«Սա այնքան էլ մեծ գործարք չէ, այն ամրապնդեց մեր վաղեմի համագործակցությունը», - թերթին ասել է Դավիթ Յանը:

Abbyy ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն Սերգեյ Անդրեեւի խոսքերով, ընկերությունը եկամտաբեր է, եւ դրա եկամուտների մինչեւ 75%-ը  բաժին է ընկնում միջազգային շուկաներին:

Այժմ Abbyy-ն առաջնահերթ նախագիծ ունի համակարգչային լեզվաբանության ոլորտում, որի նպատակն է «համակարգիչը մոտեցնել տեքստի բովանդակության ընկալմանը», ասել է Սերգեյ Անդրեեւը: «Սկոլկովո» հիմնադրամը, որը հանդես է գալիս որպես նախագծի համաներդրող` պարիտետային հիմունքներով, կներդնի 475 մլն ռուբլի: