Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏելը (ապրանքանիշը՝ Beeline) ստացել է Global Google Cache պաշտոնական հոսթերի կարգավիճակ, ինչը նշանակում է, որ Google ծառայությունների էլեկտրոնային բովանդակությունը, որին դիմելու են Beeline ինտերնետ-ծառայությունների բաժանորդները, ավտոմատ կերպով պահպանվում է ԱրմենՏելի տեղական սերվերներում:
Քեշինգը (caching) հաճախակի հարցվող տվյալների պահպանումն է պրովայդերի միջանկյալ սերվերներում, ինչն արվում է այդ տվյալների՝ «սկզբնաղբյուր» հանդիսացող սերվերից անընդհատ ներբեռնումը կանխելու համար:
Այսպիսով, Google-ի առավել ճանաչված էլեկտրոնային համակարգերին միանալու արագությունը պայմանավորված կլինի մինչև ԱրմենՏելի սերվերների արագությամբ, իսկ ԱրմենՏելի արտաքին կապուղիների ծանրաբեռնվածությունը սերվերների գործարկումից հետո նվազել է 20%-ով, հայտնեցին ընկերության մամլո ծառայությունում:
Մշտապես պահպանվող ռեսուրսների թվում են վիդեոհոսթինգի ճանաչված ծառայություն` Youtube-ը, ինչպես նաև Google+ սոցիալական ցանցի, Google Maps և Google Earth ծառայությունների ստատիկ բովանդակությունը:
«ԱրմենՏելը մեծ ուշադրություն է դարձնում հաճախորդների ցանկություններին և շարունակում է աջակցել երկրի ներսում ինտերնետ-տրաֆիկի տեղայնացմանը: Դրա շնորհիվ, էլ ավելի կբարձրանան Հայաստանի միասնական օպերատորի կողմից մատուցվող ինտերնետի արագությունն ու կայունությունը», - նշել է ԱրմենՏելի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: