Երեւան/Մեդիամաքս/.Microsoft-ը ծրագրավորողներին ներկայացրել է Windows 8 նոր օպերացիոն համակարգի փորձարկվող տարբերակը, որը նախատեսված է ոչ միայն պարզ համակարգիչների, այլեւ պլանշետների համար:
Windows-ի նոր տարբերակն օպտիմիզացված է սենսորային էկրանի համար, որը հնարավորություն է տալիս կառավարել առարկաները մատերի օգնությամբ: Microsoft-ը ներկայացրել է այն ծրագվավորողներին եւ, միաժամանակ, մի շարք գործիքներ եւ օնլայն ծառայություններ, որոնց օգնությամբ հույս ունի «նեղել» Apple-ին: Մասնավորապես, դա Windows ծրագիրների մշակման համար նախատեսված հարթակ է եւ ապրանքներ պլանշետների համար:
Ինչպես գրում է Vedomosti.ru-ն, Microsoft-ի` Windows-ի հարցերով ստորաբաժանման նախագահ Սթիվեն Սինոֆսկին 8-րդ տարբերակը անվանել է 16 տարի առաջ ներկայացված Windows 95-ի ժամանակներից ի վեր Windows-ի առավել արմատական փոփոխությունը: Գլխավոր նորույթը Metro ինտերֆեյսն է, որը կառուցված է խոշոր «վահանակների» շուրջ, որոնցում հայտնվում են ինքնաբերաբար թարմացվող նկարներ, էլեկտրոնային նամակներ, լուրեր եւ այլ տվյալներ: Նման տեսք ունի բջջայինների համար նախատեսված Microsoft-ի վերջին օպերացիոն համակարգը:
Նորույթների շարքում է նաեւ համակարգչային ծրագրերի գնման եւ ներբեռնման համար նախատեսված ինտերնետ խանութը:
Windows 8-ի հիման վրա ստեղծված առաջին սարքերը կթողարկվեն 2012-ի կեսից ոչ շուտ: Այս ժամկետը հիմնականում պայմանավորված է ապրանքի որակով, բացատրել է Սինոֆսկին: Այսպիսով, Apple-ը ունի մեկ տարի պատասխան քայլ նախապատրաստելու համար, նշել է Forrester Research-ի վերլուծաբան Ֆրենկ Ջիլեթը: