11:25 | 28.07.11 | Նորություններ | 2042

Նոր վիրուս Facebook-ում

Երեւան/Մեդիամաքս/. BitDefender ընկերության անվտանգության փորձագետները Facebook ցանցում հայտնաբերել են Trojan.FakeAV.LVT նոր վտանգավոր վիրուսը, գրում է Cnews-ը:

Մասնագետների կարծիքով, Trojan.FakeAV.LVT անվանումը ստացած վիրուսը հեռացնում է օգտվողների հակավիրուսային ծրագրերը եւ դրանք փոխարինում դրանց կեղծ նմանակով:

«Վիրուսի տարածման սցենարը հետեւյալն է. ձեր ընկերը կապ է հաստատում ձեր հետ Facebook-ի չաթի կայքում: Խոսակցությունը ստացվում է մի փոքր տարօրինակ եւ շուտով դուք սկսում եք հաղորդագրություններ ստանալ հետեւյալ հարցերի ձեւով «Այդ դու՞ ես տեսահոլովակում» կամ «Ուզու՞մ ես դիտել»: Հարցերի հետ տրվում են հղումներ, որոնց հետեւելով իբր կարելի է դիտել տեսահոլովակը, որի գործող անձ է հանդիսանում հենց հաղորդագրություն ստացած օգտվողը», - ասվում է ուսումնասիրության մեջ:

Հղումին հետեւելուց հետո օգտվողը հայտնվում է YouTube-ի էջում եւ տեսնում է մի հոլովակ, որի անվանումը ներառում է Facebook-ի իր անունը: Ավելին, տեսահոլովակի էջը ունի նաեւ կեղծ մեկնաբանություններ օգտվողի սոցիալական ցանցի ընկերներից: Այդ տեսանյութը դիտելու համար նրանից պահանջվում է ներբեռնել Flash Player-ի նոր տարբերակը, քանի որ «եղածը համարվում է հնացված»: Սակայն Flash Player-ի փոխարեն համակարգիչը ներբեռնում է FakeAV.LVT վիրուսը: