15:31 | 22.07.11 | Նորություններ | 3369

ՎիվաՍել-ՄՏՍ-ը կտրամադրի 85 մլն դրամ շտապ օգնության դիսպետչերական համակարգի արդիականացման նպատակով

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում շտապ բժշկական օգնության դիսպետչերական համակարգի արդիականացման նպատակով 2011-2012 թթ. ՎիվաՍել-ՄՏՍ-ը կտրամադրի 85 միլիոն դրամի աջակցություն:

Այսօր տեղի է ունեցել առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի եւ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի մամուլի համատեղ ասուլիսը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի հատկացված գումարները կուղղվեն թվային կապի համար անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերելու եւ թվային ռադիոկապի համակարգի ստեղծման նպատակով: Համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ-ը կտրամադրի իր 3G/3.5G ցանցը:

Շտապ բուժօգնության արդիականացման շրջանակներում ստեղծվել է արբանյակային վերահսկողության եւ դիսպետչերական համակարգ, որն իրականացնում է շտապօգնության մեքենաների համակողմանի վերահսկողություն: GPS արբանյակների միջոցով որոշվում է մեքենայի աշխարհագրական դիրքը, որից հետո կատարվում է տվյալների հավաքագրում` բուժխմբի զբաղվածության եւ տեսակի վերաբերյալ: Մեքենայից ՎիվաՍել-ՄՏՍ-ի 3G/3.5G ցանցերի միջոցով այդ տվյալներն ուղարկվում են կենտրոնական սերվերին եւ դիսպետչերը, մոնիտորին նայելով, որոշում է ազատ  մեքենան եւ այն ուղղորդում կանչը սպասարկելու:

Ընթացքում GPS եւ 3G/3.5G միջոցով կատարվում է կանչի մոնիթորինգ: Մեքենաներում տեղադրված նավիգատորները թույլ են տալիս վարորդին լուծել հասցեին ամենակարճ ճանապարհով մոտենալու խնդիրը: