16:43 | 18.07.11 | Նորություններ | 2971

Orange-ը հայտնում է, որ HTC Desire HD եւ Desire Z սմարթֆոններն արդեն “հասկանում են” հայերեն

Երեւան/Մեդիամաքս/. Orange-ը այսօր տեղեկացրել է, որ այսուհետ HTC Desire HD եւ Desire Z սմարթֆոններով կարելի է կարդալ նաեւ հայերեն էջեր, ինչը նախկինում անհնար էր:

“Մի քանի ամիս առաջ Orange-ը դիմել էր իր պաշտոնական գործընկեր HTC ընկերությանը` խնդրին լուծում տալու խնդրանքով, որի արդյունքում այսօր արդեն երկու սմարթֆոններ «հասկանում են» հայերեն տեքստերը”, - ասացին ընկերությունում:

Այն բաժանորդները, ովքեր HTC Desire HD կամ Desire Z են գնել Orange-ի խանութներում, կարող են Orange Care անկյուններում ստանալ բոլոր համապատասխան թարմացումները:

Հայերեն տառերը կարդալու համար բաժանորդները կարող են նաեւ ինքնուրույն կատարել անհրաժեշտ թարմացումը` բեռնելով Android օպերացիոն համակարգի 2.3.3 տարբերակը:

Orange-ը շարունակելու է HTC սմարթֆոնների եւ Android օպերացիոն համակարգով աշխատող այլ սարքավորումների կողմից հայերեն տառերի ճանաչմանն ուղղված ջանքերը` նպատակ ունենալով ներառել հնարավոր բոլոր մոդելները, նշեցին ընկերությունում: