10:21 | 18.07.11 | Նորություններ | 8500

Beeline-ի բաժանորդները կարող են հեռախոսով գումար փոխանցել` «Յունիստրիմ»-ի հետ համաձայնագիր կնքելով

Երեւան/Մեդիամաքս/. Beeline-ի բաժանորդներին Ռուսաստանում հնարավորություն է ընձեռվել իրենց բջջային հեռախոսներից կանխիկ գումար փոխանցել արտերկիր` համաձայնագիր կնքելով «Յունիստրիմ» դրամական փոխանցումների համակարգի հետ:

Ինչպես այսօր գրում է «Վեդոմոստի»-ն, դրամական փոխանցումը կարելի է իրականացնել 6 երկիր` Ուկրաինա, Տաջիկստան, Հայաստան, Մոլդովա, Ղրղզստան եւ Վրաստան:

Մինչ օրս բջջային հաշվից կարելի էր կանխիկ գումար փոխանցել միայն Ռուսաստանի տարածքում: Փոխանցումը կարելի է կատարել 3 ճանապարհով` կայքի, iPhone-ի հատուկ ծրագրի եւ Android-ի կառավարմամբ աշխատող սմարթֆոնների, ինչպես նաեւ sms-ների միջոցով:

Մեկանգամյա փոխանցման առավելագույն գումարը սահմանափակված է 14 000 ռուբլով, ընդ որում մեկ օրվա ընթացքում կարելի է կատարել 15 000 ռուբլի ընդհանուր գումարի ոչ ավելի, քան 10 փոխանցում:

Բջջային հաշվից փոխանցվող գումարից գանձվող միջնորդավճարը կազմում է գումարի 5,95%-ը: Դա ավելի շատ է, քան ավանդական դրամային փոխանցումների համակարգում (մոտ 1,5%):