Երեւան/Մեդիամաքս/. NSS Labs ընկերության ուսումնասիրության արդյունքների համաձայն, Internet Explorer 9-ը եւ Internet Explorer 8-ը ճանաչվել են աշխարհում ամենաանվտանգ բրաուզերները:
Ինչպես գրում է Cnews.ru-ն, ուսումնասիրությունը Եվրոպայի 20 երկրներում է անցկացվել:
Internet Explorer 9-ը` SmartScreen հղումների ակտիվացված ֆիլտրումներով, արգելափակել է 650 վտանգավոր կայքերի 92%-ը, որոնք ուսումնասիրողները բացում էին թեստավորման շրջանակներում:
Երկրորդ տեղում նույն բրաուզերի նախկին տարբերակն է հայտնվել` Internet Explorer 8-ը, որի արդյունավետության ցուցանիշը հաքերական վեբ-ռեսուրսների հետ պայքարում կազմել է 90%:
Safari 5, Firefox 4 եւ Chrome 10-ը էապես զիջել են Internet Explorer-ին` արգելափակելով վերոհիշյալ կայքերի միայն 13%-ը:
Ամենավատ ցուցանիշը Opera 11 բրաուզերինն է` 5%:
Ինչեւէ, վերլուծաբանները նշում են, որ տվյալ հետազոտության արդյունքները բավականին վիճելի են: Մոտ 1 տարի առաջ, երբ NSS Labs ընկերությունը հրապարակել էր նույատիպ թեստի արդյունքները, Google-ը եւ Opera-ն հայտնել էին, որ իրենց արտադրանքի թեստավորման մեթոդաբանության մասին չեն տեղեկացվել: Բացի այդ, հետազոտության հովանավորների շարքում էր հենց ինքը`Microsoft ընկերությունը, որի արտադրանքը վարկանիշի առաջին տեղերն է զբաղեցրել:
Նոր հետազոտության շրջանակներում NSS Labs-ի ներկայացուցիչները թեստերը ամբողջովին բաց են անցկացրել եւ բրաուզերների բոլոր ստեղծողներին հրավիրել են մասնակցելու դրանց: