16:56 | 13.07.11 | Նորություններ | 3640

«Պետությունը կմասնակցի վենչուրային հիմնադրամներում միայն մասնավոր հատվածի հետաքրքրության դեպքում»

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն այսօր ասել է, որ Հայաստանում վենչուրային հիմնադրամներ չլինելու համար կան օբյեկտիվ պատճառներ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Տիգրան Դավթյանն այսօր Ֆինանսաբանկային քոլեջի ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ վենչուրային հիմնադրամների ստեղծման գործում պետությունը կարող է մասնակցություն ունենալ այն դեպքում, երբ ակնհայտ կլինի մասնավոր հատվածի ֆինանսական հետարքրքությունը:

«Վենչուրային հիմնադրամի ստեղծումը ռիսկային նախագիծ է: Կան վարկային ռեսուրսներ, որոնք հնարավոր կլինի ուղղել վենչուրային ֆոնդերի ձեւավորմանը, մասնավորապես` բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Սակայն ռիսկը կնվազի միայն մասնավոր հատվածի աջակցության դեպքում»,-ասել է էկոնոմիկայի նախարարը:

Մեդիամաքս-ը նշում է, որ Հայաստանն ու Ռուսաստանը արդեն մի քանի տարի որոնում են տեխնոպարկի եւ վենչուրային հիմնադրամի այն մոդելը, որը կարող է ստեղծվել «Մարս» գործարանի հիման վրա: 2010թ. հոկտեմբերին, խոսելով «Մարս» գործարանում Սիտրոնիքս ռուսաստանյան կոնցեռնի ներդրումային ծրագրի իրականացման հետաձգման պատճառների մասին` Տիգրան Սարգսյանն ասել էր, որ «ծրագրին հարվածել է համաշխարհային ֆինանսական ճգնաժամը»:

Նախորդ տարվա մարտին, հանդիպելով Միջազգային ֆինանսական կորպորացիայի /ՄՖԿ/ տարածաշրջանային տնօրեն Սնեժանա Ստոյկովիչին, ՀՀ վարչապետը հեռանկարային էր համարել ՄՖԿ-ի ներգրավումը Հայաստանում ձեւավորվող վենչուրային հիմնադրամներում` ընդգծելով մասնակցության ձեւի մշակման անհրաժեշտությունը:

Սակայն իրականությունն այն է, որ Հայաստանում առայսօր չկան վենչուրային հիմնադրամներ: