14:13 | 13.07.11 | Նորություններ | 2827

Orange հիմնադրամը եւ Հայկական ակնաբուժության նախագիծը կօգնեն տեսողության խանգարում ունեցողներին

Երեւան: Մեդիամաքս: Orange հիմնադրամը Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) հետ համագործակցությամբ սկսել է իր բարեգործական ծրագիրը:

Ինչպես հաղորդում Մեդիամաքս-ը, Orange հիմնադրամի Խորհրդի նախագահ Բրունո Դյութուան այսօր հայտարարել է, որ համագործակցության շրջանակներում 2011թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Շիրակի մարզում կիրականացվեն անվճար ակնային զննում մարզի բոլոր բնակիչների եւ բուժումներ` սոցիալապես անապահով մարդկանց համար:

«Հիմնադրամն ունի մարդասիրական առաքելություն: Մեծ ուրախությամբ ենք միանում այս գործին, քանի որ այն իսկապես կփոխի մարդկանց կյանքը»,- ասել է Բրունո Դյութուան:

ՀԱՆ գրասենյակի ղեկավար Նունե Եղիազարյանը տեղեկացրել է, որ կազմակերպության շարժական հիվանդանոցը կայցելի Շիրակի մարզի Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի եւ Ամասիայի շրջանների երկու քաղաքային եւ 44 համայնքային բնակավայրեր:

Նախագծի ընդհանուր արժողությունն 24 մլն դրամ է, որից 9 մլն. դրամը տրամադրել է  Orange հիմնադրամը, ինչի շնորհիվ նախատեսվում է իրականացնել բնակիչների աչքերի զննում, կատարել մոտ 250 վիրահատություն եւ լազերային բուժում, ինչպես նաեւ տրամադրել շուրջ 1200 ակնոց: