15:03 | 08.07.11 | Նորություններ | 4562

    ԱրմենՏել-ը ավարտել է Երեւանի հեռախոսացանցի թվայնացումը եւ պատրաստվում է ներդնել VDSL գերարագ տեխնոլոգիան

    Երեւան: Մեդիամաքս: ԱրմենՏել-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն այսօր հայտարարել է, որ ընկերությունը Երեւանի ֆիքսված հեռախոսացանցի թվայնացումն իրականացվել է 100%-ով:

    Թվայնացման ընդհանուր արժեքը կազմել է $6 մլն.:

    “Սա ձայնի եւ տվյալների փոխանցման, բարձր որակի հեռուստատեսության եւ ինտերակտիվ խաղերի ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման նոր փուլի սկիզբն է: Դրանք ապագայում հասանելի կլինեն մեր բաժանորդներին”,-ասել է Իգոր Կլիմկոն:

    Նա նշել է, որ “ԱրմենՏել”-ը պատրաստվում է ներդնել VDSL գերարագ թվային տեխնոլոգիան, որը թուլ կտա ինտերնետի արագությունը հասցնել  40 մբիթ/վ:

    Իգոր Կլիմկոն ասել է, որ VDSL2 ստանդարտը լայնաշերտ լարային հաղորդակցման ամենից առաջատար եւ նորագույն ստանդարտն է:

    «Ընտրել ենք զարգացման առավել ժամանակակից, արդյունավետ  եւ անվտանգ մոդել, որը կօգտագործի գոյություն ունեցող պղնձալարերի ենթակառուցվածքները», - ասել է Իգոր Կլիմկոն:

    Հաշվի առնելով Երեւանի կառուցվածքը եւ կայանների դիրքավորման  խտությունը` տվյալ տեխնոլոգիան թույլ կտա ինտերնետի արագությունը հասցնել մինչեւ 40 մբիթ/վ: