14:09 | 27.06.11 | Նորություններ | 2207

Apple-ը Հարավային Կորեայում Samsung-ի դեմ հայտ է ներկայացրել

Երեւան/Մեդիամաքս/. Apple-ի եւ Samsung-ի միջեւ ընթացող բանակցություններն արտոնագրային տարաձայնությունների կարգավորման շուրջ Սթիվ Ջոբսի ընկերությանը չխանգարեցին իրեն պատկանող արտոնագրերի խախտման կապակցությամբ եւս մեկ հայտ ներկայացնել, այս անգամ արդեն Հարավային Կորեայի Կենտրոնական շրջանային դատարան:

Apple Korea-ի ներկայացուցիչ Սթիվ Փարքը AFP-ի հետ հարցազրույցում ասել է, որ այս հայտի օգնությամբ ընկերությունը «մտադիր է պաշտպանել իր մտավոր սեփականությունը ի պատասխան իր գաղափարները գողանալու փորձի»:

Որոշ աղբյուրների տվյալներով, նոր հայտում ասվում է Samsung Galaxy S-ի սմարթֆոնների շարքում Apple-ի արտոնագրերի խախտման մասին:

Երկու ընկերությունների «արտոնագրային պատերազմը» սկսվել է ապրիլին` Apple-ի կողմից Սան Ֆրանցիսկոյի շրջանային դատարան ներկայացրած հայտով: Այդ հայտում Apple-ը Samsung ընկերությանը մեղադրում է iPad պլանշետների եւ iPhone սմարթֆոնների «արտաքին տեսքի եւ ֆունկցիաների» գողության համար: Սկզբում խոսքը գնում էր միայն մի քանի սարքի մասին, այդ թվում` Samsung Galaxy S 4G-ի, Epic 4G-ի, Nexus S-ի եւ Galaxy Tab-ի: Այնուհետեւ Apple-ի գաղափարների ընդօրինակմամբ պատրաստված սարքերի  ցուցակը զգալիորեն ընդլայնվեց: