Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹՒ) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցության արդյունքում ՀՑԹՒ հավաքածուն հարստացել է արժեքավոր նոր նյութերով ու թանգարանային արժեքներով:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի անմիջական աջակցությամբ վերջին վեց ամսվա ընթացքում ձեռք են բերվել թանգարանային եզակի միավորներ, հայտնեցին ընկերության մամլո ծառայությունում:
Մասնավորապես ձեռք են բերվել. Արեւմտյան Հայաստանի պատկերներով եւ հայկական թեմաներով հնատիպ բացիկների հավաքածու, հազվագյուտ աղբյուրագիտական նշանակության գրականություն, պատմական վավերագրեր` Մեծ Եղեռնը վերապրած հայերի նկատմամբ ցուցաբերված մարդասիրական օգնության մասին, հայ գաղթականներին պատկերող բնօրինակ լուսանկարներ, մինչեւ Ցեղասպանությունը արեւմտահայ կյանքին վերաբերող իրեր, նամակներ, նամականիշներ, հայտնի հայկական ընտանիքների լուսանկարներ, ցուցադրական կարեւոր նշանակություն ունեցող հնատիպ թերթեր:
Նմուշների զգալի մասը հնարավոր է եղել հայթհայթել Լոս Անջելեսում բնակվող ամերիկահայ հայր և որդի Օհաննես և Հրաչ Հանեսյանների օժանդակությամբ: «Շիրակ» տպագրատան սեփականատեր Հանեսյան ընտանիքը տարիներ շարունակ հավաքել է Ցեղասպանության փաստը վավերագրող արժեքավոր նյութեր, որոնք այսօր հասանելի են հանրությանը:
«Անցյալով ապրելը, անշուշտ, սխալ է: Այնուամենայնիվ, մեր երեխաների համար խաղաղ եւ ապահով կյանք ստեղծելու համար անհրաժեշտ է այսօր վերականգնել արդարությունը: Ամեն հայ պետք է իր պարտքը համարի մասնակցել այդ գործին` դրանով հարգանքի տուրք մատուցելով մեր նահատակված նախնիներին: Ինձ համար սա նաեւ անձնական պատասխանատվություն է իմ ընտանիքի առջեւ» - նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Միջոցառման ընթացքում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենին հանձնեց թանգարան-ինստիտուտին աջակցություն ցուցաբերած բարերարներին տրվող ոսկե մեդալ: