14:33 | 20.06.11 | Նորություններ | 4217

Երեւանում հունիսի 22-ից 26-ը կանցնի Կիբեռխաղերի Հայաստանի բաց առաջնությունը

Երեւան: Մեդիամաքս: Հունիսի 22-ից 26-ը Երեւանի “Կոնգրես” հյուրանոցում, կկայանա Կիբեռխաղերի Հայաստանի 5-րդ բաց առաջնությունը: Այն միաժամանակ հանդիսանում է միջազգային WCG (World Cyber Games) համակարգչային եւ վիդեո խաղերի ամենամեծ փառատոնի հայաստանյան նախընտրական փուլը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Հայաստանի կիբեռսպորտի ազգային պրոֆեսիոնալ լիգայի նախագահ Էդգար Սահակյանն այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում տեղեկացրել է, որ այս տարի պաշտոնական մարզաձեւեր են հանդիսանում FIFA11-ը եւ StarCraft2-ը, իսկ ոչ պաշտոնական՝ Counter Strike 1.6-ը եւ WarCraft3-DotA-ն:  

Էդգար Սահակյանն ասել է, որ wcg.am կայքում երեկ ավարտված առցանց գրանցման արդյունքներով վերոհիշյալ մարզաձեւերում մրցելու են 261 մասնակիցներ (FIFA11-ում՝ 185 մասնակից, StarCraft2-ում՝ 16 մասնակից, Counter Strike 1.6-ում՝ 40 մասնակից եւ WarCraft3-DotA-ում՝ 20 մասնակից), ինչը մոտ 2,5 անգամ գերազանցում է նախորդ տարիների մասնակիցների թիվը: «Մենք դեռեւս ունենք ազատ տեղեր նոր մասնակիցների համար, եւ գրանցումը կշարունակվի նաեւ առաջնության մեկնարկի օրը “Կոնգրես” հյուրանոցում», - ասել է Էգդար Սահակյանը:

Նրա խոսքերով, մրցանակային ֆոնդն այս տարի կկազմի 3,6 մլն դրամ, մրցանակները Samsung ապրանքանիշի արտադրանքն է` 30 մոնիտոր, 4 նոութբուք, 2 նեթբուք, իսկ պաշտոնական 2 մարզաձեւերի հաղթողներն իրավունք կստանան ներկայացնելու Հայաստանը WCG գլխավոր եզրափակչում, որը տեղի կունենա 2011թ. դեկտեմբերի 8-11-ը Հարավային Կորեայի Բուսան քաղաքում:

Առաջնության համաշխարհային հովանավորն է Samsung ընկերությունը, իսկ ազգային առաջնության գլխավոր հովանավորն է ԱրմենՏելը: Ասուլիսին ներկա` ԱրմենՏել-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն նշել է, որ համակարգչային խաղերը նպաստում են երեխաների մոտ այնպիսի կարեւոր հատկությունների զարգացմանը, ինչպիսիք են ռազմավարական մտածելակերպը, պլանավորումը, բանակցություններ վարելու մշակույթը եւ այլն: Նա կարեւորել է նման առաջնության անցկացումը նաեւ այն առումով, որ «այսօր համակարգչային խաղերով զբաղվող երեխաների շուրջ 70%-ը հետագայում աշխատելու է ՏՏ-ոլորտում»: