15:03 | 30.05.11 | Նորություններ | 4043

Orange Armenia-ն անվանել է Նորարարության ուսանողական մրցույթի հաղթողին

Երեւան/Մեդիամաքս/. Orange Armenia-ի Նորարարության ուսանողական մրցույթի հաղթող է ճանաչվել Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի 4-րդ կուրսի ուսանող Դավիթ Վարդանյանը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, որպես մրցանակ էլեկտրոնային քվեարկության նախագծի հեղինակը ստացել է հնարավորություն 6-ամսյա վճարվող ստաժավորում անցնել Ֆրանսիայում` Orange Labs գիտահետազոտական լաբորատորիաներից մեկում, որի ընթացքում նա կաշխատի նորարարական նախագծերից մեկի վրա: 

Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան ասել է, որ 11 հոգուց բաղկացած ժյուրին նշել է Դավիթ Վարդանյանի տեխնիկական գիտելիքների բարձր մակարդակը, ինչպես նաեւ նախագծի մարքեթինգային յուրահատկությունը: “Դավիթը նաեւ ներկայացրել է այն ոլորտները, որտեղ իր նախագիծը կարող է իրական կիրառում ունենալ”, - ասել է Բրունո Դյութուան:

Ժյուրին բարձր է գնահատել նաեւ ԵՊՀ Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ուսանող Գեւորգ Պողոսյանի աշխատանքը: Orange Armenia-ն առաջարկել է նրան աշխատանքային պրակտիկա անցնել ընկերությունում: Գեւորգ Պողոսյանը ներկայացրել է նախագիծ կարճ հաղորդագրությունների կիրառման նոր մոտեցման վերաբերյալ: Ընկերությունը չի բացառում հետագայում նրա գաղափարի կիրառումն իր ցանցում:

Orange Armenia-ի մրցույթին, որն անց էր կացվում մարտի 4-ից ապրիլի 20-ը, մասնակցում էին ԵՊՀ-ի, Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի (ԵՊՃՀ), ինչպես նաեւ այդ երկու բուհերի մասնաճյուղերի ուսանողները: