12:17 | 18.05.11 | Նորություններ | 3309

Հայաստանի փրկարար ծառայությունը հասանելի կլինի “911” կարճ համարով

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն /ՀԾԿՀ/ այսօր բավարարել է արտակարգ իրավիճակների նախարարության հայտը “911” կարճ հեռախոսահամարը փրկարար ծառայության համար օգտագործելու մասին:

Ինչպես այսօր հանձնաժողովի նիստում հայտնել է ՀԾԿՀ հեռահաղորդակցության վարչության ղեկավար Գեւորգ Գեւորգյանը, այդ որոշումը բխում է կառավարության 2010 թվականի հակաճգնաժամային ծրագրից:

“ԱրմենՏել” ընկերության (Beeline ապրանքանիշ) իրավաբանական ծառայության ղեկավար Դավիթ Սանդուխչյանը նշել է, որ “911” հեռախոսահամարը հնարավոր չի լինի օգտագործել եվրոպական արտադրության բջջային հեռախոսներից. հանձնաժողովը պետք է հաշվի առնի այս գործոնը եւ այս նպատակներով նախատեսի նաեւ 112 կարճ համարը:

“SIM-քարտերի անջատման դեպքում եվրոպական արտադրության հեռախոսները հրատապ կանչերի համար ծրագրավորված են 112 կարճ համարով, եւ եվրոպական երկրներից ժամանած մեր հյուրերը ռոումինգի ավարտից հետո կարող են խնդիրներ ունենալ”, - ասել է Դավիթ Սանդուխչյանը:  

ՀԾԿՀ-ի անդամ Սամվել Արաբաջյանն ասել է, որ այս որոշումը խիստ փաստագրական բնույթ ունի, տեխնիկական մանրամասները կքննարկվեն ավելի ուշ: