10:53 | 26.04.11 | Նորություններ | 4165

«ՀԾԿՀ-ն կփոխի բջջային ընկերությունների բաժանորդների գրանցման ու հաշվառման կարգը»

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի /ՀԾԿՀ/ անդամ Սամվել Արաբաջյանի հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանը

- Մեկ տարի առաջ hանձնաժողովը կայացրել էր հայաստանյան ինտերնետ-պրովայդերների միջեւ թրաֆիկի փոխանակումը համակարգող որոշում: Զուգահեռաբար ստեղծվել էր Թրաֆիկի փոխանակման հիմնադրամը (ARMIX): Ինչպիսի՞ հաջողություններ են արձանագրվել այդ ուղղությամբ, պրովայդերները կատարո՞ւմ են ՀԾԿՀ որոշումը:

- Որոշումն ընդունելուց հետո հանձնաժողովը ոչ մի բողոք չի ստացել բաժանորդների կողմից, եւ մենք ոչ մի խնդիր չենք արձանագրել: Գործընթացն ընթանում է շատ հարթ ու դինամիկ: Պրովայդերները կատարել են մեկ վայրկյանում 10 մեգաբիտ նվազագույն թողունակությամբ պիրինգային անվճար միացում ապահովելու հանձնաժողովի պահանջը: Ավելին, Ucom եւ Crossnet ընկերությունները սկսել են մատուցել այլընտրանքային ձայնային (ֆիքսված) կապի ծառայություններ, եւս երկու ընկերություններ մոտ ապագայում դուրս կգան շուկա:

Ինչ վերաբերում է ARMIX-ի աշխատանքին, ապա հիմնադրամում մշակվել է ինքնակարգավորման ձեւաչափ, եւ պետական միջամտության անհրաժեշտություն դեռեւս չկա: Հիմնադրամի գործունեությունը գտնվում է ՀԾԿՀ դիտարկման ներքո, եւ անհրաժեշտության դեպքում հանձնաժողովը կարող է միջամտել, սակայն ներկայումս պրովայդերները կատարել են նվազագույն պահանջները:

- ՀԾԿՀ-ն բջջային ընկերությունների հետ քննարկո՞ւմ է արդյոք ռոումինգի սակագների նվազեցման հնարավորությունը: 

- Եթե հիշում եք, երկու տարի առաջ հանձնաժողովը որոշում էր կայացրել, որի համաձայն, ընկերությունների շահույթի առավելագույն հաշվարկային մարժան կոնկրետ սակագնային սահմանաչափով չի կարող գերազանցել տարեկան 15%-ը: Սակայն ամբողջ աշխարհում դիտարկվում է գոտիային սակագների կիրառման միտում ռոումինգի համար: Եվ այսօր առկա է մի խնդիր. ռոումինգ-ծառայություններ մատուցող միջազգային խոշոր ընկերությունները կամ միջնորդ կազմակերպությունները ռոումինգի սակագներն ավելացնում են փաթեթներով, եւ մեր ընկերությունները ունենում են խնդիրներ, քանի որ նրանց ռոումինգի թրաֆիկը փոքր է: Միաժամանակ, աշխարհում կիրառվում է համաչափ սակագնային քաղաքականություն, այսինքն, հայաստանյան օպերատորներն առաջարկում են նմանատիպ սակագներ, ինչպիսիք նրանց առաջարկում են արտասահմանյան օպերատորները: Դա շատ արդիական, բայց դժվար լուծելի խնդիր է: Իհարկե, հարցը քննարկվում է, սակայն մենք չենք կարող ասել, որ վաղը որեւէ որոշում կկայացվի: Մենք չենք կարող միակողմանի իջեցնել ռոումինգի սակագինը:

- 2010թ. «ԱրմենՏել» ընկերությունը դիմել էր ՀԾԿՀ-ին` կապի կոնվերգենտ (համակցված) ծառայությունների տրամադրումը թույլատրելու խնդրանքով: Ո՞ր փուլում է գտնվում հարցի քննարկումը:

- Անհրաժեշտ է տարանջատել համակցված եւ փոխլրացնող ծառայություններ հասկացությունները: Խնդիրն այն է, որ մեկ պայմանագրի հիման վրա հնարավոր չէ մեկ փաթեթում վաճառել տարբեր ծառայություններ: Հանձնաժողովը գործում է օրենքի տառին հետեւելու եւ մի ծառայության անհարիր սուբսիդավորումը մյուսի հաշվին թույլ չտալու, ինչպես նաեւ Հայաստանում ներկայումս ձեւավորված մրցակցային դաշտը պահպանելու նպատակով: ՀԾԿՀ-ն  ուսումնասիրում է «ԱրմենՏել»-ի առաջարկն ինչպես տեխնիկական տեսանկյունից, այնպես էլ` ելնելով բաժանորդների շահերից, սակայն համակցված ծառայությունների տրամադրման ժամկետների մասին խոսելը դեռ վաղ է:

- Ի՞նչ նոր նախաձեռնություններ ունի ՀԾԿՀ-ն:

- Հանձնաժողովը ձեռնարկել է մի շարք հետաքրքիր քայլեր: Նախ, մենք նախատեսում ենք փոխել բջջային ընկերությունների բաժանորդների գրանցման ու հաշվառման կարգը: Այդ փոփոխությունների արդյունքում ռեսուրսն ավելի ռացիոնալ կօգտագործվի: Օրինակ, Հայաստան ժամանող զբոսաշրջիկները SIM-քարտ են ձեռք բերում մի քանի օրով եւ մեկնելիս դեն նետում այն, սակայն քարտը մեկ տարվա ընթացքում շարունակում է մնալ համարային շարքի բազայում` որպես օգտագործվող քարտ, եւ այդ համարը, որը սահմանափակ ռեսուրս է հանդիսանում, չի կարող այդ ժամանակահատվածում օգտագործվել ընկերությունների կողմից: Մի կողմից, օպերատորները լուրջ խնդիրներ են ունենում բիլինգային համակարգում, քանի որ նրանք պետք է մշտապես կատարեն բոլոր քարտերի հաշվառումը, մյուս կողմից, կրճատվում է ռեսուրսը: Արդյունքում առաջանում է իրական բաժանորդային բազայի եւ ակտիվ բաժանորդների աղավաղված պատկերը: Նոր կարգի շնորհիվ մենք կարող ենք մշակել իրական ակտիվ եւ ոչ ակտիվ բաժանորդների հաշվարկման մեխանիզմ: Ընդ որում, մենք ցանկանում ենք մշակել հաշվարկային համակարգի միասնական մեթոդիկա, որպեսզի օպերատորների հաշվարկներում օգտագործվի միեւնույն մեթոդիկան, ինչը թույլ կտա համադրել օպերատորների տվյալները: Ռեսուրսի տնտեսումը ամենակարեւոր ու բարդ խնդիրներից է:

Երկրորդ, հանձնաժողովը նախատեսում է ընդունել նոր կարգ, որի համաձայն, բջջային երեք խոշոր օպերատորներն իրենց հաշվետվությունները կհրապարակեն տեղական կայքերում: Այդ տեղեկատվությունը նախկինում տեղակայվում էր «մայր» ընկերությունների կայքերում, որտեղ ընկերություններն արտացոլում էին այնպիսի տվյալներ, որոնք, իրենց տեսանկյունից, նպատակահարմար էին: Կարծում ենք, որ դա անարդար մոտեցում է, եւ ՀՀ քաղաքացիներն իրավունք ունեն տիրապետել տվյալների իրենց օպերատորների մասին:

- Ինչպիսի՞ն էր բջջային ընկերությունների արձագանքը ՀԾԿՀ-ի այդ նախաձեռնությանը:
     
- Ի պատիվ մեր օպերատորների, պետք է ասեմ, որ նրանք ուրախությամբ պատրաստակամություն ցուցաբերեցին եւ ակտիվ համագործակցում են հանձնաժողովի հետ: Ես պետք է շնորհակալություն հայտնեմ երեք ընկերությունների ղեկավարներին` օպերատիվ արձագանքման եւ պատրաստակամության համար: Ընկերությունների ներկայացուցիչները ներկայումս աշխատում են ՀԾԿՀ-ի հետ կայքերում հաշվետվությունների հրապարակման միասնական կարգի ուղղությամբ: Մեծ հավանականություն կա, որ I եռամսյակի հաշվետվություններն արդեն կտեղադրվեն ընկերությունների կայքերում: Դա թույլ կտա դինամիկ կերպով հետեւել ՀՀ բջջային կապի ոլորտում տեղի ունեցող իրադարձություններին: