13:21 | 19.04.11 | Նորություններ | 3646

«ԱրմենՏել»-ը պահանջում է ներդրումային մթնոլորտի բարելավում եւ մաքսայինի աշխատանքի թափանցիկության բարձրացում

Երեւան: Մեդիամաքս: «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն մտահոգված է Հայաստանում բիզնես վարելու համար նոր վարչարարական պատնեշների առաջացման հեռանկարի կապակցությամբ:
 
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Իգոր Կլիմկոն այդ մասին ասել է` այսօր հանդես գալով Հայ-ռուսական միջտարածաշրջանային առաջին համաժողովի ընթացքում:

«Հայաստանում գործող նորմատիվ բազան ընդհանուր առմամբ բարենպաստ է արտասահմանյան ներդրումների ներգրավման համար: Հայաստանը միշտ հոգածություն է ցուցաբերում բիզնեսի խնդիրների նկատմամբ եւ դրական է արձագանքում վերջինիս պահանջներին: Դրա հավաստումն են դարձել ՀՀ կառավարության նախաձեռնությունները լիցենզիոն կարգի պարզեցման ոլորտում, ինչպես նաեւ ազգային ռեսուրսների օգտագործումը»,- նշել է նա:

Միաժամանակ, նշել է Իգոր Կլիմկոն, կարող են առաջանալ վարչարարական նոր պատնեշներ «Գնումների մասին» օրենքի գործողության մեջ մտնելու եւ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի նոր խմբագրման հետ կապված:

«Նշված օրենքներում, մեր կարծիքով, կան մի շարք թերություններ ու բացթողումներ, որոնք կարող էին եւ չլինել, եթե օրինագծերը քննարկվեին բիզնեսի ներկայացուցիչների հետ: Նշելով Հայաստանում բիզնես վարելու դրական առաջխաղացումները ապրանքների ներկրման ոլորտում` կցանկանայի ուշադրություն հրավիրել նաեւ մաքսային ընթացակարգերի որոշ խնդրահարույց խնդիրների վրա: Չնայած մաքսային ենթակառուցվածքի արդիականացմանը, մաքսային ձեւակերպման ընթացակարգերը պահանջում են հետագա պարզեցում, թափանցիկության բարձրացում եւ կանխատեսելիություն: Կցանկանայի օրինակ բերել մաքսային մարմինների անվստահությունը ծառայությունների խոշոր մատակարարների կողմից ներմուծված ապրանքների վրա նշված մաքսային արժեքի նկատմամբ, ինչպես նաեւ ապրանքների մաքսային զտման նորմատիվորեն սահմանված ժամկետների ու այդ ժամկետների խախտման դիմաց մաքսային մարմինների պատասխանատվության բացակայությունը: Քանի որ պետությունն ու հասարակությունը մեծ հետաքրքրություն են ցուցաբերում բիզնեսի հանդեպ, ապա ընկերության ղեկավարությունն ու ներդրողը ակնկալում են, որ պետությունն ու հասարակությունը` ի դեմս ընկերության, տեսնում են նաեւ իրենց գործընկերոջը, աջակցում են բիզնեսի զարգացմանը եւ ձգտում են պահպանել ներդրողի հետաքրքրությունը Հայաստանում բիզնես վարելու նկատմամբ: Դրանից ելնելով` «ԱրմենՏել» ՓԲԸ եւ «ՎիմպելԿոմ» ԲԲԸ ներկայացուցիչները, բարձրացնելով խնդրահարույց հարցեր, առաջարկում են համաժողովի արարողակարգային փաստաթղթերում արտացոլել առաջարկներ պետական կառույցների եւ բիզնեսի ներկայացուցիչների փոխգործակցության կատարելագործման մասին առեւտրային օրենսդրության կատարելագործման եւ ներդրումային մթնոլորտի բարելավման, փոխգործակցության այդպիսի ձեւաչափի մշակման եւ դրա արդյունավետության երաշխիքների ապահովման մասին»,- հայտարարել է Իգոր Կլիմկոն: