17:42 | 25.03.11 | Նորություններ | 5350
Երեւան/Մեդիամաքս/. Telcell վճարային համակարգը հայտարարել է իրավաբանական անձանց պետական գրանցման ծառայությունների էքսպրես-վճարման նոր ծառայության գործարկման մասին:
Ինչպես Մեդիամաքսին հայտնել են «Թել-Սել» ընկերությունում, Telcell-ի տերմինալների միջոցով իրավաբանական անձանց պետական գրանցման ավելի քան 25 պետական տուրքերի վճարման գործընթացը զբաղեցնում է շուրջ 1 րոպե: Վճարման գործարքի ավարտից հետո վճարողի հեռախոսահամարին ուղարկվում է SMS-ծանուցում վճարման մանրամասների մասին:
Ծառայությունը կարելի է վճարել 24/7 ռեժիմով Telcell համակարգի վճարումների ընդունման ավելի քան 300 կետերի միջոցով, վճարման գործընթացը նույնքան պարզ է, որքան բջջային կապի ծառայությունների վճարումը:
«Հաջողությունների հասնելով նմանատիպ վճարային ծառայությունների իրականացման ոլորտում` այսօր Telcell-ը սպառողներին առաջարկում է Հայաստանի համար աննախադեպ նոր մոտեցում պետական տուրքերի եւ վճարումների ասպարեզում: Միաժամանակ, մենք առանձնացնում ենք երկու բացարձակ տարբեր ասպեկտներ` վճարողի կողմից ծառայության վճարման արագությունը եւ նախագծի իրականացման արագությունը»,- նշել է «Թել-Սել» ՓԲԸ գործադիր տնօրեն Արամ Ազատյանը:
Նախկինում Telcell համակարգը գործարկել էր մի շարք ծառայություններ, որոնք թույլ են տալիս վճարային համակարգի միջոցով էքսպրես-ռեժիմով վճարել Ճանապարհային ոստիկանության տուգանքները, կոմունալ ծառայությունների ամբողջ փաթեթը եւ ԱՊՊԱ վկայագրի արժեքը: