17:38 | 25.03.11 | Նորություններ | 2990

“ՎիվաՍել-ՄՏՍ”-ի գլխավոր տնօրենը այցելել է աուտիզմով հիվանդ երեխաներին

Երեւան/Մեդիամաքս/. Աուտիզմի իրազեկման միջազգային օրվան ընդառաջ “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն այսօր այցելել է աուտիզմով հիվանդ երեխաների համար նախատեսված «Երեխաների զարգացման միջազգային կենտրոն»:

Կենտրոնի 20 սաները 3-12 տարեկան են: 2008 թվականից սկսած “ՎիվաՍել-ՄՏՍ”-ն աջակցություն է ցուցաբերում կենտրոնին:
 
Ինչպես Մեդիամաքսին տեղեկացրել են “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի մամլո ծառայությունում, Ռալֆ Յիրիկյանը յուրաքանչյուր երեխայի նվիրել է հանրահայտ «Դորլինգ Քինդերսլի» հրատարակչության «Իմ առաջին գիրքը» շարքի 10 գրքերը, որում բառերի ընտրությունը, դրանց համադրումը եւ գունային լուծումներն արված են այնպես, որ գրավեն երեխայի ուշադրությունը եւ տրամադրեն սովորելու: Նկարազարդ ու գունեղ գրքերի միջոցով աշխարհի տարբեր ժողովուրդների միլիոնավոր երեխաներ ճանաչում են իրենց մայրենին ու շրջապատող աշխարհը:
 
Կենտրոնի աշխատակազմի եւ այնտեղ հաճախող երեխաների ծնողների փաստմամբ, կենտրոն հաճախելու շնորհիվ երեխաների մոտ նկատելի առաջընթաց է դրսեւորվել ոչ միայն ակադեմիական գիտելիքների ձեռքբերման մեջ, այլ նաեւ ինքնասպասարկման եւ սոցիալականացման ոլորտում, ինչի մասին վկայում են երեխաների վարքում եւ նրանց մտավոր ունակություններում գրանցված դրական փոփոխությունները:
 
«Յուրաքանչյուր երեխա արժանի է ունենալ ծիծաղելու եւ խաղալու հնարավորություն եւ դառնալու ուրախ ու առողջ մեծահասակ: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը հավատում է, որ ձեռք ձեռքի տված, միասին պայքարելով մենք կունենանք դրական արդյունք եւ առաջընթաց: Մենք ուզում ենք լինել այս ընտանիքների կողքին, որպեսզի նրանք չհուսահատվեն: Մենք, որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն, հաստատակամ ենք նրանց աջակցելու գործում»,- ասել է Ռալֆ Յիրիկյանը: