17:20 | 25.03.11 | Նորություններ | 2882

“ԱրմենՏել”-ը պարգեւատրեց “Հեքիաթների աշխարհում” համահայկական մրցույթ-փառատոնի հաղթողներին

Երեւան/Մեդիամաքս/. “ԱրմենՏել” ՓԲԸ (Beeline ապրանքանիշը) վարչական գրասենյակում տեղի է ունեցել “Հեքիաթների աշխարհում” մանկական նկարի համահայկական մրցույթ-փառատոնի հաղթողների պարգեւատրման արարողությունը: 10 հայ երեխաներ Հայաստանից եւ Սփյուռքից նվերներ են ստացել ՀՀ կրթության եւ գիտության նախարարության եւ “ԱրմենՏել” ընկերության կողմից:
 
Ինչպես Մեդիամաքսին տեղեկացրել են “ԱրմենՏել”-ի մամուլի ծառայությունում, հայկական հեքիաթներին նվիրված մրցույթ-փառատոնին մասնակցել են շուրջ 1000 աշակերտներ աշխարհի տարբեր երկրներից: Մրցույթ-փառատոնի առաջին փուլի ավարտից հետո 160 լավագույն նկարները ցուցադրվել են Երեւանի գեղագիտության ազգային կենտրոնում կազմակերպված ցուցահանդեսում:
 
“Աճող սերնդի դաստիարակության գործընթացն անհնար է կազմակերպել միայն կրթական համակարգի միջոցով: Այստեղ կարեւոր է բիզնեսի, հասարակական կազմակերպությունների եւ մշակույթի կենտրոնների մասնակցությունը: Այս մրցույթ-փառատոնը վառ օրինակ է, երբ արժանի սերունդ կրթելու ընդհանուր նպատակի շուրջ համախմբվել են տարբեր կառույցներ ”, - նշել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը:

“Այցելելով մանկական նկարների ցուցահանդես` ես հաճելիորեն զարմացած եւ զմայլված էի ոչ միայն երեխաների տաղանդով, այլեւ մանկության ու պատանեկության այն հրաշալի ուժով, որը երեխաներից յուրաքանչյուրն արտացոլել էր իր ստեղծագործություններում: Այսօր մենք ներկա եղանք այն իրողությանը, թե ինչպես Հայաստանում հայկական հեքիաթը խթան հանդիսացավ հայ մշակույթի, ժառանգության եւ արժեքների շուրջ Սփյուռքի երիտասարդների միավորման համար”, - նշել է “ԱրմենՏել”-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: