11:36 | 25.03.11 | Նորություններ | 5002

“ԱրմենՏել”-ի եւ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործընկերության շրջանակներում մեկնարկեցին նոր մանկական ծրագրեր

Երեւան/Մեդիամաքս/. Գաֆէսճեան արվեստի կենտրոնում մեկնարկեցին  “Արվեստի ծիածան” եւ “Երկիրն իմ մոլորակն է” նոր մանկական ծրագրերը` “ԱրմենՏել” ընկերության (ապրանքանիշը` Beeline) աջակցությամբ:

Ինչպես Մեդիամաքսին տեղեկացրել են “ԱրմենՏել” ընկերության մամուլի ծառայությունում, “Արվեստի ծիածան” ծրագրի շրջանակում աշակերտները հնարավորություն կստանան մասնակցել արվեստի եւ դասական երաժշտության վերաբերյալ զրույցներին: Առաջին մասնակիցներն իմացան “Լուսնի սոնատի” ստեղծման պատմությունը, Կոմիտասի արձանի խորհրդանիշը, ունկնդրեցին Կոմիտասի եւ Պարույր Սեւակի կենդանության օրոք կատարված ձայնագրությունները, ինչպես նաեւ ծանոթացան “Աիդա” օպերայի ստեղծման մանրամասներին: Ծրագիրը եզրափակեց հայտնի դուետ “Արս Լունգա”-ն: 

“Երկիրն իմ մոլորակն է” ծրագիրն անց է կացվում ապակու դիզայներ Հենրիկ Նիկոյանի ցուցահանդեսի շրջանակում: 6-12-րդ դասարանի աշակերտները հնարավորություն ունեն ծանոթանալ բնապահպանական խնդիրներին վերաբերող արվեստի նմուշներին, իսկ “Ստեղծագործական սրահում” բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացնում են ժամանակակից խնդիրները:

Առաջին մասնակիցները դարձան Նոր-Խարբերդի թիվ 2 դպրոցի աշակերտները: Ցուցանմուշները դիտելուց հետո բնապահպանների աջակցությամբ երեխաները քննարկեցին անտառների պահպանության հիմնահարցը, ինչպես նաեւ մասնակցեցին ստեղծագործական սեմինարին, որի նպատակն է կերտել թեմատիկ աշխատանքներ:

“Մեր մանկական ծրագրերի ռազմավարությունն է միավորել ստեղծագործական եւ ճանաչողական գործընթացը` Գաֆէսճեան արվեստի կենտրոնում գտնվելու փաստը անմոռանալի դարձնելով յուրաքանչյուր երեխայի համար: Հնարավոր չէ թերագնահատել կրթական բաղադրիչի դերը 21-րդ դարի թանգարանում, եւ մեզ համար կարեւորագույն խնդիր է հանդիսանում նման միջոցառումների պարբերականության պահպանումը”, - նշեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն  Մարաբյանը: 

““ԱրմենՏել” ընկերության եւ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի համատեղ ծրագրերը վառ օրինակ են հանդիսանում աճող սերնդի դաստիրակության հարցում: Այս ծրագրերը հնարավորություն են տալիս երեխաներին ոչ միայն հայտնաբերել նորը, այլ նաեւ հաղորդակցվել արվեստին` արտահայտելով իրենց տեսակետը այս կամ այն հարցի առնչությամբ”, - ասաց “ԱրմենՏել” ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: 

Մասնակցության  համար կարելի է դիմել Գաֆէսճեան արվեստի կենտրոն` 010541932 կամ 010541934 հեռախոսահամարներով: “ԱրմենՏել” ընկերությունը հանդիսանում է   մանուկների եւ պատանիների համար Գաֆէսճեան արվեստի կենտրոնի կողմից կազմակերպվող ստեղծագործական ծրագրերի կորպորատիվ գործընկերը եւ հովանավորը:

“ԱրմենՏել” ընկերության եւ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի միջեւ կնքված երկարատեւ համագործակցության շրջանակում Կենտրոնում պարբերաբար անցկացվում են ստեղծագործական սեմինարներ, մանկապատանեկան ծրագրեր, դասական երաժշտության համերգներ եւ այլ ստեղծագործական սեմինարներ` ուղղված երեխաների եւ պատանիների գեղագիտական դաստիարակմանը: