10:03 | 28.02.11 | Նորություններ | 3512

ՀՀ օպերատորները եւ ներդրումների վերադարձելիությունը

Երեւան/Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը կարծում է, որ հայաստանյան շուկայում սակագների էժանացման  ռազմավարությունը չի կարող շահութաբեր լինել ոչ երկարաժամկետ, եւ ոչ էլ կարճաժամկետ հեռանկարում:

Այդ մասին Մեդիամաքս-ին ասել են «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի մամուլի ծառայությունում` մեկնաբանելով կարծիքն այն մասին, որ բաժանորդի համար “մրցավազքում” օպերատորները երբեմն անտեսում են տնտեսական գործոնները:

«Օպերատորները, որոնք ընտրում են ծառայությունների սակագների էժանացման ճանապարհը, կանգնում են ներդրումների վերադարձելիության ցածր ցուցանիշ ունենալու ռիսկի առջեւ: Այնպիսի հագեցած շուկայում, ինչպիսին բջջային հաղորդակցության հայաստանյան շուկան է, նման ռազմավարությունը չի կարող շահութաբեր լինել ոչ երկարաժամկետ, եւ ոչ էլ կարճաժամկետ հեռանկարում: Հայաստանում բջջային կապի ծառայությունների թափանցելիությունը բավականին բարձր է, ինչը նշանակում է, որ օպերատորները սկսում են ավելի շատ ծախսել բաժանորդներին պահպանելու համար` շահույթի մարժայի շարունակական նվազեցման պայմաններում: Մյուս կողմից`բաժանորդների կողմից նորարարական լուծումների պահանջարկը թելադրում է սահմանել ներդրումների վերադարձելիության խելամիտ ցուցանիշ»,- նշել են ՎիվաՍել-ՄՏՍ»-ի մամուլի ծառայությունում:

Պատասխանելով Մեդիամաքս-ի հարցին` Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան ասել է.

«Մեր ընկերությունը բավականին յուրահատուկ կարգավիճակում է, քանի որ մինչ օրս մենք ներդրումների փուլում ենք եղել: Ցանցի ծածկույթի եւ խտության առումով մենք կատարել ենք նախապես սահմանված պլանները, եւ նույնիսկ ներդրել ենք նախատեսվածից մի փոքր ավելին: Դրա պատճառն այն էր, որ առեւտրային գործունեության առաջին շրջանում մենք բաժանորդների անսպասելի մեծ հոսք ունեցանք, եւ հավելյալ ներդրումներ կատարեցինք, որպեսզի կարողանանք ծառայությունների լավ որակ ապահովել: Այսօր մենք ունենք ավելի քան 500 հազար ակտիվ բաժանորդ, որոնցից 50 հազարը ինտերնետի բաժանորդներ են, եւ մենք կարող ենք ծառայություններ ապահովել ավելի մեծ քանակով բաժանորդների ապագայում: Ինչ վերաբերում է ներդրումների վերադարձելիությանը, ապա մեր բոլոր սակագները եւ ծառայությունները մշակված են այնպես, որ ողջամիտ ժամկետներում ապահովեն ներդրումների վերադարձը»:

Մեդիամաքս-ի խնդրանքով հարցին պատասխանել է նաեւ «ԱրմենՏել»-ի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը.

«Վերջին տարիներին մեր ընկերությունը լուրջ ներդրումներ է կատարել լարային եւ բջջային կապի ենթակառուցվածքի զարգացման գործում: Կապի որակը բարձր մակարդակում պահելու նպատակով 2010թ. տեղադրվել են երկրորդ եւ երրորդ սերնդի լրացուցիչ կայաններ: Այսօր Beeline-ի բջջային կապի որակը համապատասխանում է միջազգային ամենաբարձր պահանջներին: Զուգահեռաբար, ընկերությունը շարունակում է զարգացնել օպտիկամալուխային ենթակառուցվածքը, թվայնացնում է անալոգային կայանները, ընդլայնում է Hi Line ծառայության աշխարհագրությունը: 2010թ. արդյունքներով «ԱրմենՏել»-ը զբաղեցրել է երրորդ տեղը ՀՀ խոշորագույն հարկատուների ցուցակում` վճարված հարկերի ծավալով առաջ անցնելով հեռահաղորդակցային ոլորտի մյուս ընկերություններից: Միաժամանակ, ցանկի առաջին եռյակում ընդգրկված ձեռնարկություններից միայն «ԱրմենՏել»-ն է ավելացրել հարկային վճարումների ծավալը 2009թ. համեմատ: Բացի այդ, «ուղղակի» հարկերի ծավալով «ԱրմենՏել»-ը գլխավորում է հարկատուների ցուցակը, ինչը, մեր կարծիքով, եւս վկայում է ընկերության գործունեության արդյունավետության մասին: Նշված փաստերը խոսում են այն մասին, որ 2010թ. նոր բաժանորդների ներգրավման քաղաքականությունը իրականացվել է բիզնես-ռազմավարության վրա` հիմնվելով ընկերության մրցակցային առավելությունների վրա եւ հաշվի առնելով հետագա զարգացման անհրաժեշտությունը»: