13:59 | 21.01.11 | Նորություններ | 4069
Երեւան/Մեդիամաքս/. 144 հայ դպրոցականներ դարձել են «Ռուսական արջուկ: Լեզվագիտությունը բոլորի համար» մրցույթի մրցանակակիրներ:
Ինչպես այսօր ասել է «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը, մրցույթն առաջին անգամ է անցկացվել Հայաստանում, եւ դրան մասնակցել են Երեւանի եւ Գյումրիի 49 դպրոցների 2-11-րդ դասարանների ավելի քան 2 հազար աշակերտներ:
Դավիթ Սահակյանը նկատել է, որ «Ռուսական արջուկը» Հայաստանում «Այբ» հիմնադրամի կողմից անցկացվող «Կենգուրու» մաթեմատիկական մրցույթի, այսպես կոչված, «կրտսեր եղբայրն» է:
Դավիթ Սահակյանն ընդգծել է, որ «Այբ» հիմնադրամի մրցույթները օլիմպիադաներից եւ կրթական այլ մրցույթներից տարբերվում են իրենց գրավչությամբ: «Մենք փորձում ենք երեխաների մեջ ներարկել սովորելու ցանկությունը, նրանց շահագրգռել կրթական գործընթացով»,- ասել է Դավիթ Սահակյանը:
Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցիչ Վիկտոր Կրիվոպուսկովը տեղեկացրել է, որ մրցույթի բոլոր մասնակիցները կստանան հուշանվերներ, իսկ հաղթողները` Կռիլովի, Տոլստոյի եւ Բուլգակովի գրքեր: Բացի այդ, նշել է նա, բանակցություններ են ընթանում հաղթողներին Ռուսաստանի բուհերում անվճար սովորելու արտոնությունների տրամադրման շուրջ: