Հայաստանում Microsoft-ի ներկայացուցչության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը
12:29 | 16.12.10 | Նորություններ | 3658
Երեւան/Մեդիամաքս/. Այսօր Երեւանում մեկնարկել է «Նորարար ուսուցիչներ» ֆորումը, որը համատեղ անցկացնում են Հայաստանում Microsoft-ի ներկայացուցչությունը եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Հայաստանում Microsoft-ի ներկայացուցչության տնօրեն Գրիգոր Բարսեղյանն ասել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաները դարձել են կյանքի անբաժանելի մասը, եւ կրթական համակարգը բացառություն չի կարող լինել:
Միաժամանակ, կրթության եւ գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը նկատել է, որ բացի կրթության ոլորտում ՏՏ օգտագործման դրական գործոններից, առկա են նաեւ ռիսկեր: «Կիրառելով տեղեկատվական տեխնոլոգիաները` մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի կրթության գործընթացից չտարանջատենք մարդկային գործոնը»,- ասել է փոխնախարարը:
Microsoft ընկերության «Գործընկերներ ուսուցման ոլորտում» ծրագրի ղեկավար Քրիստինե Գյոնջյանն ասել է, որ ֆորումի շրջանակներում ներկայացվել է 58 նախագիծ, որոնցից ժյուրիի անդամներն ընտրել են լավագույն 20-ը:
Առաջին տեղը զբաղեցրած նախագիծը կներկայացվի համանուն եվրոպական ֆորումում, որը կկայանա 2011թ. մարտի 22-26-ը Մոսկվայում: Երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրածները կստանան հատուկ մրցանակներ «ԱրմենՏել» ընկերությունից: