15:40 | 15.12.10 | Նորություններ | 3615

Orange-ը շահագործման է հանձնել Հայաստանում առաջին կայանը, որն աշխատում է բացառապես արեւի էներգիայով

Երեւան/Մեդիամաքս/. Orange-ը շահագործման է հանձնել Հայաստանում շարժական կապի առաջին բազային կայանը, որն աշխատում է բացառապես արեւի էներգիայով:

Կայանը գտնվում է Սյունիքի մարզում` Լիճք գյուղից մոտ երեք կիլոմետր հեռավորության վրա, Քաջարան-Մեղրի մայրուղուց ոչ հեռու, այսօր Մեդիամաքս-ին հայտնեցին  Orange Armenia ընկերությունում: Կայանը սնվում է բացառապես արեւի էներգիայով, իսկ համակարգը կառուցված է այնպես, որ այն մառախուղի կամ ձյան ժամանակ կարող է ինքնուրույն գործել մինչեւ 5 օր:

Կայանի կառուցման գործում Orange-ը համագործակցել է ֆրանսիական Tenesol կազմակերպության հետ:

Orange-ի «արեւային ծրագիրը» մեկնարկել է 2007 թ.-ին Սենեգալում, Ժան-Մարի Գարսիայի` Orange Արմենիայի ներկայիս տեխնիկական տնօրենի ղեկավարությամբ: Orange-ի 13 երկրներում մինչ օրս կառուցվել եւ գործում են մոտ 900 «արեւային» կայաններ:

«էներգիայի այլընտրանքային վերականգնվող աղբյուրների օգտագործման խթանումն Orange-ի կորպորատիվ սոցիալական քաղաքականության կարեւորագույն ուղղություններից է ողջ աշխարհում: Այս կայանը հեռահաղորդակցության եւ արեւային էներգիայի ամենաարդիական տեխնոլոգիաների համակցումն է եւ առաջին «արեւային» կայանն է Հայաստանում, որը լիովին անկախ է էներգիայի այլ աղբյուրներից», - ասաց Orange-ի տեխնիկական գծով տնօրեն Ժան-Մարի Գարսիան: