12:13 | 01.12.10 | Նորություններ | 3058

ՀԲ-ն Հայաստանին կտրամադրի $24 մլն մրցակցության ծրագրի համար` ի նպաստ նորարարությունների եւ էլեկտրոնային հանրության

Երեւան/Մեդիամաքս/. Համաշխարհային բանկը /ՀԲ/ Հայաստանին կտրամադրի $24 մլն մրցակցության ծրագրի համար` ի նպաստ նորարարությունների եւ էլեկտրոնային հանրության:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ՀԲ երեւանյան գրասենյակի մամուլի ծառայությունում, ծրագիրը կոչված է աջակցել ՀՀ կառավարությանը նորարարական սահմանափակման խնդիրների լուծման հարցում` մրցունակ էլեկտրոնային հանրության եւ ձեռնարկությունների, ինչպես նաեւ այդ ոլորտում բարենպաստ մթնոլորտի եւ ենթակառուցվածքների ամրապնդման համար:

Ծրագիրը մշակվել է հատուկ IT-ոլորտի ձեռնարկություններում նորարարական լուծումների խթանման համար` այդ բնագավառում ժամանակակից մարտահրավերներին համապատասխան արձագանքելու նպատակով: Այն նպաստում է քաղաքացիների, ընկերությունների եւ պետական հաստատությունների համար լայնաշերտ ինտերնետի մատչելի ծառայությունների կիրառման հնարավորությունների աճին, ինչպես նաեւ քաղաքացիների համար էլեկտրոնային ծառայությունների եւ համակարգիչների հասանելիության ավելացմանը:

Ծրագրի ընդհանուր արժեքն է $30 մլն, որից $6 մլն-ը կհատկացնի ՀՀ կառավարությունը:

Համաշխարհային բանկի վարկը տրամադրվում է 25 տարի ժամկետով, 10 տարի արտոնյալ ժամանակահատվածով: