ՏՏ հիմնադրամի տնօրեն Գարեգին Չուքասզյանն ու «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը
13:47 | 25.11.10 | Նորություններ | 3505
Երեւան/Մեդիամաքս/. Նոյեմբերի 25-ից մինչեւ դեկտեմբերի 25-ը Երեւանում կանցկացվի էլեկտրոնային բովանդակության 5-րդ համահայկական մրցույթը` նվիրված հայկական գրահրատարակության 500-ամյակին:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչեւ դեկտեմբերի 15-ը ինտերնետային ռեսուրսը գրանցել www.econtentaward.am կայքում: Մրցույթի արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի 25-ին:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր Երեւանում «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի (մրցույթի գլխավոր հովանավոր) գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամի տնօրեն Գարեգին Չուքասզյանն ասել է, որ մրցույթը, ինչպես եւ նախորդ տարիներին, կընթանա 8 անվանակարգերում.
- էլեկտրոնային ուսուցանում,
- էլեկտրոնային առողջապահություն,
- էլեկտրոնային բիզնես,
- էլեկտրոնային գիտություն,
- էլեկտրոնային մշակույթ,
- էլեկտրոնային ժամանց,
- էլեկտրոնային կառավարում,
- էլեկտրոնային ներգրավում:
Լավագույն 16 աշխատանքների հեղինակները կստանան դրամական մրցանակներ (մրցույթի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է $10 հազ.), իսկ անվանակարգերում հաղթողները կստանան Էլեկտրոնային բովանդակության համաշխարհային մրցույթի մասնակցության ուղեգիր:
Ռալֆ Յիրիկյանը նշել է, որ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը կարեւոր է համարում էլեկտրոնային բովանդակության զարգացումը:
Պատասխանելով Հայաստանում զուգահեռաբար ընթացող մեկ այլ` Armnetawards մրցույթի նկատմամբ վերաբերմունքի մասին Մեդիամաքս-ի հարցին` Գարեգին Չուքասզյանն ասել է, որ ողջունում է նմանատիպ այլ մրցույթների անցկացումը, քանի որ դա խթանում է ոլորտի զարգացումը: Միաժամանակ, նա մտահոգություն է հայտնել, որ Armnetawards-ն անցկացվում է նույն ժամանակահատվածում, երբ սովորաբար անցկացվում է E-content-ը:
«Կարծում եմ` կազմակերպիչները պետք է գոնե հարգանք ցուցաբերեին այն մրցույթի հանդեպ, որն անցկացվում է արդեն մի քանի տարի եւ օգնել է բազմաթիվ հայաստանյան վեբ-ռեսուրսների»,- ասել է Գարեգին Չուքասզյանը: