13:26 | 05.11.10 | Նորություններ | 3788

Orange Armenia-ի ներդրումների ծավալը ՀՀ հեռահաղորդակցային ոլորտում կազմել է 150 մլն եվրո

Երեւան/Մեդիամաքս/. Orange Armenia ընկերության ներդրումների ընդհանուր ծավալը ՀՀ հեռահաղորդակցային ոլորտում կազմել է 150 մլն եվրո, ներառյալ արտոնագրի արժեքը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին այսօր հայաստանյան շուկայում ընկերության առաջին տարեդարձի առթիվ կայացած հոբելյանական մամուլի ասուլիսում հայտնել է Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Ընկերության ղեկավարը նշել է, որ Orange Armenia-ն առաջին տարում շահույթ չի ակնկալել, իսկ 2011թ.-ից բջջային օպերատորը նախատեսում է ծածկել գործառնական ծախսերը վաճառքի հաշվին:

Բրունո Դյութուան հայտնել է, որ ձայնային կապի մեկ բաժանորդի ձեռք բերման համար ընկերությունը ծախսում է 3000 դրամ, իսկ շահույթը ձայնային կապի մեկ բաժանորդից կազմում է 1500-2000 դրամ, ինտերնետային ծառայությունների բաժանորդից` 7000-9000 դրամ (առանց ԱԱՀ):

2010թ. հոկտեմբերին Orange Armenia-ի շրջանառությունը կազմել է 1 մլրդ դրամ: