13:19 | 05.11.10 | Նորություններ | 4426

    Orange Armenia-ն ամփոփել է ՀՀ շուկայում մեկ տարվա աշխատանքի արդյունքները

    Երեւան/Մեդիամաքս/. Orange Armenia բջջային օպերատորը այսօր նշում է հայաստանյան շուկայում իր ներկայության առաջին տարեդարձը:

    Ինչպես հաղորդում է Մեդիամաքս գործակալությունը, այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսում ընկերության ղեկավար Բրունո Դյութուան ամփոփել է անցած տարվա աշխատանքի արդյունքները:

    Նրա խոսքերով, հայաստանյան շուկայում մեկամյա գործունեությունից հետո ձայնային կապի բաժանորդների թիվը կազմում է 300 հազար, իսկ ինտերնետի բաժանորդներինը` 45 հազար: 3G+ լայնաշերտ ցանցն ընդգրկում է երկրի բնակչության 93%-ը եւ հանդիսանում է ամենաընդարձակը Հայաստանում, ասել է Բրունո Դյութուան:

    «Մեկ տարվա ընթացքում Orange Armenia-ն առաջարկել է ծառայությունների լայն տեսականի ինչպես բաժանորդների, այնպես էլ բիզնեսի համար: Ընկերությունը հեղինակել է երկրում բազմաթիվ նորարարություններ, մասնավորապես, արագության 14,4 Մբիտ/վ աննախադեպ թողունակություն, HD ձայնի բարձր հստակություն: Մենք հեղափոխություն ենք կատարել նաեւ սմարթֆոնների շուկայում` ներդնելով նոր iPhone եւ BlackBerry»,- նշել է ընկերության ղեկավարը:

    Վաճառքի եւ բաժանորդների սպասարկման գրասենյակների թիվը կազմում է 57 հանրապետության ամբողջ տարածքում, իսկ մինչեւ 2010թ. ավարտը դրանց թիվն ընկերությունը նախատեսում է հասցնել 80-ի:

    Բրունո Դյութուան տեղեկացրել է, որ հաջորդ տարի ընկերությունը հավատարիմ կմնա նորարար լինելու իր ռազմավարությանը եւ հաճախորդներին կառաջարկի նաեւ 4G նոր սերնդի ցանց:

    Orange Armenia-ի գլխավոր տնօրենն ասել է, որ 2011թ. ընկերությունը հավատարիմ է մնալու «հոգատար քաղաքականությանը».
    • առաջարկներ ունենալ բոլորի համար;
    • առաջարկել բարձր որակի նոր ծառայություններ;
    • մոտ լինել բաժանորդներին; 
    • լինել հուսալի;
    • բաժանորդներին փոխհատուցել հավատարմության համար: