14:26 | 14.10.10 | Նորություններ | 3562
Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանն այսօր առաջարկել է ““Օրանժ Արմենիայի” գործունեությունն ավելի հրապարակային դարձնել, որ հասարակությունը լիարժեք տեղեկանա նորարարություններին, գործող ծառայությունների սակագներին, ինչպես նաեւ ընկերությունում գոյություն ունեցող խնդիրները ներկայացնել եւ համատեղ քննարկել, որպեսզի դրանց լուծման տարբերակներն ավելի արդյունավետ լինեն”:
Ինչպես Մեդիամաքս-ին հայտնեցին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության մամլո ծառայությունից, Մանուկ Վարդանյանն այս մասին ասել է այսօր` ընդունելով “Ֆրանս Տելեկոմ” ընկերության փոխնախագահ, “Օրանժ” տեխնոկենտրոնի տնօրեն Իվ Տիրոդին եւ “Օրանժ Արմենիա” ընկերության տնօրեն Բրունո Դյութուային:
Նախարարը շնորհակալություն է հայտնել հյուրին Հայաստան այցելելու ու նոր ծառայություններ ներդնելու համար: Մանուկ Վարդանյանը գոհունակություն է հայտնել “Օրանժ Արմենիա” ընկերության կատարած աշխատանքների համար եւ նշել, որ դա նաեւ մրցակցության արդյունք է:
Իվ Տիրոդը կարեւորելով նորարարությունների ներդրումը Հայաստանում տեղեկացրել է, որ այսօր Երեւանում կբացվի “Օրանժ էքսպո” ցուցահանդես, որտեղ կներկայացվեն “Օրանժ” տեխնոկենտրոնի նորարար նմուշները:
“Ֆրանս Տելեկոմ” ընկերության փոխնախագահը հայտնել է, որ Հայաստանը աշխարհում երկրորդ երկիրն է, ուր ներդրվել է HD ձայնային ծրագիրը: Իվ Տիրոդին տեղեկացրել է նաեւ, որ առաջիկա երեք տարիներին Երեւանի պետական համալսարանի եւ Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանների ուսանողների համար կհայտարարվի մրցույթ` նորարարական մրցանակի համար, եւ հաղթողը 6 ամիս կաշխատի “Օրանժ”-ի լաբորատորիաներում: