14:06 | 07.10.10 | Նորություններ | 4425

Orange Armenia-ն գործարկել է առաջին ինտերնետ-խանութը

Երեւան/Մեդիամաքս/. Orange Armenia բջջային օպերատորը այսօր գործարկել է ՀՀ հեռահաղորդակցության ոլորտում առաջին ինտերնետային խանութը:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում, դա բաժանորդներին թույլ կտա գնումներ կատարել անմիջապես տնից կամ աշխատավայրից:

Առաջին ինտերնետ-խանութ կարելի է այցելել Orange-ի պաշտոնական կայքից կամ eshop.orangearmenia.am հասցեով: Այստեղ կարելի է գտնել Orange-ի խանութներում ներկայացված հեռախոսների ընտրանին, աքսեսուարներ, 3G մոդեմներ 1 տարվա պայմանագրով կամ առանց պայմանագրի:

Ինտերնետային խանութում կարելի է վճարում կատարել ArCa վճարային համակարգի միջոցով: Գնված ապրանքների առաքումը Երեւանում կատարվում է 24, իսկ մարզերում` 72 ժամվա ընթացքում: Առաքման արժեքն է, համապատասխանաբար, 500 եւ 2500 դրամ:

«Orange-ը ցանկանում է իր առաջարկները հասանելի դարձնել բոլորին, նույնիսկ նրանց, ովքեր ունեն տանից դուրս գալու խնդիր, կամ պարզապես ժամանակ չունեն գնումների համար: Այս առումով ինտերնետ-խանութը եւս մեկ հնարավորություն է մոտ լինելու մեր հաճախորդներին»,- ասել է ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան: