14:42 | 06.10.10 | Նորություններ | 3346
Երեւան/Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի բաժանորդները, գտնվելով ռոումինգում ՄՏՍ ընկերությունների խմբի ներկայության երկրներում, կարող են օգտվել բաժանորդների աջակցության ծրագրից:
Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի մամուլի ծառայությունում, օպերատորի բաժանորդները, գտնվելով Ռուսաստանում, Ուկրաինայում, Ուզբեկստանում, Թուրքմենստանում եւ Բելառուսում, կարող են տեղեկատվական սպասարկում ստանալ օպերատորի սպասարկման կենտրոններում եւ սրահներում:
Բաժանորդները, մասնավորապես, կարող են իմանալ իրենց սակագնային պլանի արժեքը, արգելափակել SIM-քարտը, ստուգել հաշվեկշիռը, ակտիվացնել վարկային եւ այլ ծառայություններ, տեղեկանալ ռոումինգում կապի ծախսերի օպտիմալացման հնարավորություններին, տեղեկատվություն ստանալ սպասարկման հեռախոսահամարների մասին: Այդ ծառայությունը տարածվում է նաեւ վերոնշյալ երկրների բաժանորդների վրա, երբ նրանք գտնվում են Հայաստանում:
«Ճամփորդելիս հաճախ հարցեր են առաջանում այս կամ այն ծառայությունների միացման, նրանց տարիֆիկացման, հաշվեկշռի լիցքավորման վերաբերյալ, պատահում են անկանխատեսելի դեպքեր: Այդպիսի պահերին բաժանորդի համար կարեւոր է ստանալ որակյալ եւ ժամանակին օգնություն»,- նշել է ՄՏՍ-ի առեւտրի գծով փոխտնօրեն Միխաիլ Գերչուկը:
ՄՏՍ-ի ներկայության երկրներում «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի բաժանորդը կարող է անվճար զանգահարել ՄՏՍ-ի գրասենյակ 111 կարճ համարով: