15:03 | 22.09.10 | Նորություններ | 3046
Երեւան/Մեդիամաքս/. «ԱրմենՏել» ընկերությանը (Beeline ապրանքանիշ) այսօր ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին /ՏՄՊՀ/ մեղադրել է «Վարչական վարույթի մասին» օրենքի մի շարք դրույթները խախտելու համար:
Ինչպես այսօր ընկերության նկատմամբ տուգանք կիրառելու մասին ՏՄՊՀ որոշման կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է «ԱրմենՏել»-ի իրավաբանական ծառայության ղեկավար Դավիթ Սանդուխչյանը, հանձնաժողովը վարչական վարույթը ձեռնարկել է սեփական ցանկությամբ:
Նրա խոսքերով, ՏՄՊՀ աշխատակիցները գրավոր եղանակով տեղեկացրել են ընկերությանը, որ հանձնաժողովը բողոք չի ստացել սպառողներից, սակայն այսօր խնդիրը ներկայացվել է «աղավաղված»:
Դավիթ Սանդուխչյանն ասել է, որ ՏՄՊՀ գործունեությունը դիտարկում է որպես «ԱրմենՏել»-ի վրա ճնշում գործադրելու փորձ: Նրա խոսքերով, 6 ամսվա ընթացքում հանձնաժողովը եւ ընկերությունը բանակցում են ՏՄՊՀ նախորդ 2 որոշումների (թիվ 79ա եւ թիվ 81ա) վերաբերյալ փոխզիջման հասնելու նպատակով, որոնք ենթադրում են 300 մլն դրամի չափով տուգանքի կիրառում եւ միջազգային թրաֆիկի շուկայում ընկերության գերիշխող դիրքի ճանաչում:
Դավիթ Սանդուխչյանը տեղեկացրել է, որ ներկայումս հանձնաժողովի երկու որոշումները քննարկվում են Վարչական դատարանում, սակայն որպես «փոխզիջում» ՏՄՊՀ-ն «ԱրմենՏել»-ին առաջարկում է վճարել 300 մլն դրամ եւ դադարեցնել բողոքարկման գործընթացը:
Դավիթ Սանդուխչյանը նշել է, որ «ԱրմենՏել» ընկերությունը մտահոգություն է հայտնում հանձնաժողովի այսօրվա որոշման կապակցությամբ եւ կարծում է, որ կիրառելով չհիմնավորված պատժամիջոցներ` ՏՄՊՀ-ն վտանգավոր նախադեպ է ստեղծում տնտեսվարող սուբյեկտների հետ փոխհարաբերությունների տեսանկյունից: Նա հայտարարել է նաեւ, որ, ամենայն հավանականությամբ, «ԱրմենՏել»-ը դատական կարգով կբողոքարկի ՏՄՊՀ այսօրվա որոշումը:
Հիշեցնենք, որ այսօր ՏՄՊՀ-ն «ԱրմենՏել»-ին տուգանել է 500 հազ. դրամով «սպառողներին մոլորության մեջ գցելու եւ անբարեխիղճ մրցակցության համար»: