10:16 | 02.09.10 | Նորություններ | 3261

Ալեքսանդր Սիվոլապովը նշանակվել է «ԱրմենՏել»-ի վաճառքի նոր տնօրեն

Երեւան/Մեդիամաքս/. Ալեքսանդր Սիվոլապովը, ով միջազգային խոշոր ընկերություններում մեծ փորձ ունի արտադրության, գնումների եւ մատակարարման ոլորտներում, այսօր նշանակվել է «ԱրմենՏել» ՓԲԸ (Beeline ապրանքանիշ) վաճառքի նոր տնօրեն:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում, Ալեքսանդր Սիվոլապովն ավարտել է Ռիգայի բարձրագույն ռազմական ավիացիոն ինժիեներական ուսումնարանը, ծառայել  ռազմա-օդային ուժերում, ՌԴ ավիացիոն արդյունաբերության նախարարության ձեռնարկությունում մասնակցել է ավիացիոն սարքավորումների գիտահետազոտական եւ փորձնական մշակումների ներդրմանը: Վաճառքի ոլորտում իր կարիերան նա սկսել է 1996 թ.` «Mars» առեւտրային ներակայացուցչի պաշտոնում, 2003-ից զբաղեցրել է Մոսկվայի տարածաշրջանային ներկայացուցչության վաճառքի զարգացման պատասխանատուի պաշտոնը: 2005թ. ղեկավարել է «SAB Miller» ընկերության վաճառքները Ռուսաստանի հարավում: Մինչ «ԱրմենՏել»-ի վաճառքի տնօրեն նշանակվելը զբաղեցրել է ֆրանսիական խոշոր արդյունաբերական ընկերության` Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասում գործող «Սեն-Գոբեն Կավմինստեկլո» գլխավոր տնօրենի պաշտոնը: Ալեքսանդր Սիվոլապովը ստացել է MBA աստիճան Գերմանիայի Բրեմենի համալսարանում «Global Management» մասնագիտությամբ

«Հաճելի է, որ մեր ընկերության առանցքային հատվածներից մեկը` վաճառքների ուղղությունը, ղեկավարելու է այդ ոլորտում էական նվաճումներ ունեցած փորձառու կազմակերպիչ Ալեքսանդր Սիվոլապովը: Վստահ եմ, որ նրա փորձն ու գիտելիքները թույլ կտան մեր ընկերությանը ամրապնդել առաջատարի դիրքերը Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում»,- նշել է «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: