12:13 | 01.09.10 | Նորություններ | 3532

ՀՊՃՀ ընդունվածների թիվն այս տարի կրճատվել է 20%-ով

Երեւան/Մեդիամաքս/. Այս տարի Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան /ՀՊՃՀ/ ընդունված ուսանողների թիվը 2009թ. համեմատ կրճատվել է 299-ով` կազմելով 1221:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին այսօր ասել է ՀՊՃՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը առաջին կուրսեցիների հետ հանդիպման ընթացքում:

Ռեկտորի խոսքերով, համալսարանը ներկայումս փորձում է ուսանողների պակասը լրացնել հեռակա ուսուցման հաշվին եւ ակնկալում է, որ հեռակա ուսանողների թիվն այս տարի կկազմի 500:

«Այս տարի ամենամեծ մրցակցությունը դիտարկվել է ինֆորմատիկայի եւ համակարգչային համակարգերի ֆակուլտետում»,- ասել է Ոստանիկ Մարուխյանը` հավելելով, որ բարձր մրցակցություն է նկատվել նաեւ կապի եւ ռադիոտեխնիկայի, կիբերնետիկայի եւ էներգետիկայի ֆակուլտետներում: Ամենաքիչ թվով (23) ուսանողներն այս տարի քիմիական ֆակուլտետում են:

Ինչպես նշել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՊՃՀ խորհրդի նախագահ Սամվել Նիկոյանը, «չնայած ՀՀ ներկայիս արժեքային համակարգում գիտելիքն առաջին տեղում չէ, այնուամենայնիվ, տարեցտարի մենք ավելի ենք մոտենում այդ նպատակին»: