13:54 | 28.08.10 | Նորություններ | 3963
Երեւան /Մեդիամաքս/. Orange Armenia-ն սկսել է նոր, մինչեւ 14.4 Մբիթ/վ տեսական արագություն ապահովող USB-մոդեմների վաճառքը:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան այսօր ասաց, որ “այս նոր մոդեմների մեկնարկով, ինչպես նաեւ վերազինված արդիական 3G+ ցանցի շնորհիվ Orange-ն արագության եւ որակի նոր չափանիշներ է սահմանում հայաստանյան շարժական ինտերնետի շուկայում»:
Բրունո Դյութուան տեղեկացրեց, որ ներկայումս տվյալների փոխանցման արագությունը տեսականորեն մինչեւ 14,4 Մբիթ/վ հնարավոր է դարձել հասցնել Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում:
Orange Armenia-ի մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը պարզաբանեց, որ կատարյալ պայմաններում նոր մոդեմների շնորհիվ կարելի է տվյալներ բեռնել 9 Մբիթ/վ արագությամբ, իսկ միջինում բաժանորդները կունենան 2-5 Մբիթ/վրկ արագություն:
Արամ Մկրտչյանը տեղեկացրեց, որ նոր մոդեմները կարելի է ձեռք բերել ինչպես մեկ տարվա բաժանորդագրությամբ, այնպես էլ առանց բաժանորդագրության: Մեկ տարով բաժանորդագրվելու դեպքում մոդեմը կարժենա 15 000 դրամ, իսկ մոդեմն առանց տարեկան պայմանագրի գնելու դեպքում՝ 37 000 դրամ:
Նոր մոդեմներ կարող են ձեռք բերել նաեւ Orange-ի ինտերնետ ծառայությունների գործող բաժանորդները՝ վերադարձնելով հին մոդեմը, վճարելով 15 000 դրամ եւ երկարացնելով պայմանագրի գործողության ժամկետը:
Ինտերնետ ծառայությունների սակագնային պլանները նոր մոդեմների օգտագործողների համար չեն փոփոխվի:
Բրունո Դյութուան տեղեկացրեց, որ ներկայումս Orange Armenia-ի ինտերնետ-բաժանորդների թիվը գերազանցել է 35 000-ը: