Հայաստանում Microsoft-ի ներկայացուցչության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը
12:31 | 30.06.10 | Նորություններ | 3752
Երեւան/Մեդիամաքս/. «Microsoft Հայաստան»-ի նախաձեռնությամբ Երեւանում տեղի է ունեցել «Ինովացիոն օր 2010» միջոցառումը:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Հայաստանում Microsoft-ի ներկայացուցչության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը լրագրողներին հայտնել է, որ այդ միջոցառումը կոչված է պատմելու ընկերության տեխնոլոգիական հնարավորությունների մասին, որն իրեն դիրքավորում է որպես բիզնես` հիմնված նորարարությունների վրա:
Միջոցառման ընթացքում Գրիգոր Բարսեղյանը ներկայացրել է «Cloud Computing» ծրագիրը, որը փոքր եւ միջին ձեռնարկատիրությանը թույլ է տալիս առանց խոշոր ներդրումների ձեռք բերել Microsoft-ի կորպորատիվ ծրագրային լուծումները սարքավորման տեսքով:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի խոսքերով, Microsoft ընկերության «Իննովացիոն օր» նախաձեռնությունը համահունչ է տնտեսության զարգացմանն ուղղված կառավարության առաջնահերթ խնդիրներին` հիմնված նորարարությունների, ինչպես նաեւ երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման վրա: Նա ընդգծել է, որ Հայաստանը ձգտում է եւ ունի բոլոր հնարավորությունները IT ոլորտում առաջատարի դիրք զբաղեցնել տարածաշրջանում:
«Ինովացիոն օրվա» ընթացքում մրցանակներ են հանձնվել «Image Cup» մրցույթին մասնակցած ուսանողներին: Առաջին տեղը զբաղեցրել են երկրի տարբեր բուհերի ուսանողներ, ովքեր ներկայացել են նախագիծ առողջապահության ոլորտում, որի շնորհիվ կարելի է որոշել նորածինների ջերմաստիճանը, զարկերակը եւ ընդհանուր վիճակը: Նրանք որպես նվեր ստացել են ուղեւորություն Վարշավա, որտեղ կմասնակցեն մեկշաբաթյա IT-միջոցառման: