16:41 | 22.06.10 | Նորություններ | 2975

«ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրենը բաժանորդներին խնդրում է պահպանել «համակարգչային հիգիենայի» կանոնները

Երեւան/Մեդիամաքս/. «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն այսօր հայտարարել է, որ վերջին օրերին որոշ ԶԼՄ-ներում «գրեթե միաժամանակ հայտնվեցին նմանատիպ հրապարակումներ, որոնք պարունակում էին խեղաթյուրված կամ սխալ պնդումներ ընկերության կողմից ֆիքսված կապի կամ ինտերնետային ծառայությունների մատուցման կարգի վերաբերյալ»:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս գործակալությունը, այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսում Իգոր Կլիմկոն ասել է, որ չնայած «ԱրմենՏել» ընկերությունը գերիշխող օպերատոր է ճանաչվել ֆիքսված հեռախոսակապի եւ տվյալների փոխանցման շուկայում, «շուկան այսօր բավականին մրցունակ է, եւ մեր ընկերությունը չի կարող այնտեղ գներ թելադրել»:

«Հանդիսանալով ռուսաստանյան խոշորագույն ներդրողը հաղորդակցությունների ոլորտում` մենք զարգացնում եւ պահպանում ենք մալուխային ենթակառուցվածքը` պատասխանատվություն ստանձնելով Հայաստանում կապի անվտանգության ու կայունության համար»,- ընդգծել է ընկերության ղեկավարը:

Իգոր Կլիմկոն նշել է, որ վերջին տարիների ընթացքում ընկերությունը կաբելային տնտեսության թվայնացման ու նորացման համար  ծախսել է «հարյուրավոր միլիոն դոլարներ»: Նրա խոսքերով, դա թույլ է տվել մայրաքաղաքում եւ մարզերում զարգացնել АDSL լայնաշերտ ինտերնետի տեխնոլոգիան եւ իջեցնել ինտերնետի գները` «այդ ծառայությունը էլիտարից վերածելով զանգվածային օգտագործման ապրանքատեսակի»:

Իգոր Կլիմկոն ասել է, որ լայնաշերտ հասանելիության տեխնոլոգիայի զարգացման արդյունքում անցյալում է մնում «հնացած եւ սպառողի դրամապանակի համար վտանգավոր dial-up ծառայությունը, որը վերջին մի քանի օրերի ընթացքում դարձել է որոշ ԶԼՄ-ների ուշադրության առարկան»: Նա հիշեցրել է, որ խնդիրը նոր չէ եւ բազմիցս բարձրաձայնվել է, եւ դրա լուծումը կախված չէ բացառապես «ԱրմենՏել» ընկերության գործողություններից: Իգոր Կլիմկոն նկատել է, որ հաճախ բացասական երեւույթների պատճառը «համակարգչային հիգիենայի» կանոնները չպահպանելն է:

«Մեր ընկերությունը մատուցում է միջքաղաքային ու միջազգային զանգերի արգելափակման անվճար ծառայություններ, իր սոցիալական ծրագրերի շրջանակներում անցկացնում է հասարակության տեղեկացման միջոցառումներ»,- հիշեցրել է «ԱրմենՏել»-ի ղեկավարը: