16:43 | 05.05.10 | Նորություններ | 3605

«ԱրմենՏել»-ը նկարներ նվիրեց Հայոց ցեղասպանության թանգարանին

Երեւան/Մեդիամաքս/. «ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին նվիրել է հայ նկարիչների 5 ստեղծագործություններ, որոնք ներկայացված էին Հայաստանի ազգային պատկերասրահում` Հայոց ցեղասպանության 95-ամյակին նվիրված ցուցահանդեսին:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են «ԱրմենՏել»-ի մամուլի ծառայությունում, մասնագետների հանձնաժողովը Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանի գլխավորությամբ ներկայացված բազմաթիվ աշխատանքներից ընտրել է Հովհաննես Ավետիսյանի, Գրիշա Թորոսյանի, Հրանտ Միրզոյանի, Հարություն Հակոբյանի եւ Տիգրան Բարխանաջյանի գործերը` թանգարանի հիմնադրամին փոխանցելու նպատակով:

«Թանգարանում նկարները կտեսնեն աշխարհի տարբեր անկյուններից Հայաստան այցելած տասնյակ հազարավոր մարդիկ, եւ համոզված ենք, որ դրա շնորհիվ ավելի տեսանելի կդառնա հայ ազգի ողբերգությունը, ապրելու եւ ստեղծելու վճռականությունը եւ վաղվա օրը հավատով ու հպարտությամբ կերտելու ձգտումը»,- ասել է «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը նշել է. «Իմ երախտագիտությունն են հայտնում «ԱրմենՏել»-ին եւ «Աշխարհի հայ նկարիչների միությանը» այս ներդրման համար: Համոզված եմ, որ այս աշխատանքներն արժանի տեղ կզբաղեցնեն թանգարանում»:

Միջոցառման ընթացքում հայ նկարիչներին աջակցելու, ինչպես նաեւ հայ կերպարվեստի զարգացման մեջ ունեցած ներդրման համար Իգոր Կլիմկոյին շնորհվեց «Աշխարհի հայ նկարիչների միության» պատվավոր անդամի կոչում եւ «Մոմիկի» անվան շքանշան:

Ավելի վաղ «ԱրմենՏել»-ի աջակցությամբ լույս էր տեսել Հայոց Մեծ Եղեռնին նվիրված հայ դասական եւ ժամանակակից գեղանկարիչների աշխատանքների կատալոգը, որտեղ ներառված են նաեւ բացառիկ նկարներ եւ 1915թ. ողբերգության ականատեսների վկայություններ: