16:44 | 30.04.10 | Նորություններ | 3198

Beeline-ի շնորհիվ ավելի քան 3300 աշակերտներ ստացան նախնական գիտելիքներ բջջային էթիկայի վերաբերյալ

Երեւան/Մեդիամաքս/. Beeline-ը եւ «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամը հայտարարել են «Անվտանգ բջջային կապ. դպրոցականների հմտությունների զարգացում» ծրագրի երկրորդ փուլի ավարտի մասին:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են Beeline-ի մամուլի ծառայությունում, Հայաստանի 5 մարզերում դպրոցների տնօրենները եւ ուսուցիչները քննարկել են անչափահասների շարժական անվտանգությանը վերաբերող խնդիրներ: Կլոր սեղանների քննարկումների արդյունքում 130 համայնքում կազմակերպվել են բաց դասեր` նվիրված շարժական անվտանգությանը: Ավելի քան 3300 աշակերտներ ստացել են նախնական գիտելիքներ բջջային էթիկայի վերաբերյալ եւ ծանոթացել բջջային հեռախոսից անվտանգ օգտվելու կանոններին:

Մայիսի կեսին` ծրագրի վերջնական փուլում, կկայանա «Անվտանգ բջջային կապ» թեմայով շարադրությունների մրցույթի հաղթողների պարգեւատրման արարողությունը: Մասնագետներից կազմված հատուկ հանձնաժողովը ՀՀ կրթության եւ գիտության նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ կընտրի լավագույն շարադրությունները: Հաղթողները եւ նրանց ուսուցիչները  «ԱրմենՏել»-ի եւ «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի կողմից կստանան նվերներ եւ շնորհակալագրեր:

Երեւանում այս տարվա մարտի 10-ին «Անվտանգ բջջային կապ» ֆորումում առաջին անգամ ստորագրվեց «Բջջային էթիկետի» խարտիան, որը սահմանում է բջջային կապից օգտվելու անվտանգ եւ գրագետ սկզբունքները: