12:46 | 30.04.10 | Նորություններ | 2890

Orange Armenia-ի հոբելյանական բաժանորդը կուղեւորվի Կաննի կինոփառատոն

Երեւան/Մեդիամաքս/. Orange Armenia-ի շարժական ինտերնետի 25-հազարերորդ բաժանորդը կմեկնի Ֆրանսիա` մասնակցելու Կաննի միջազգային կինոփառատոնի փակման արարողությանը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս գործակալությունը, Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան այսօր շնորհավորել է հոբելյանական բաժանորդ Արփինե Ավետիսյանին` նշելով, որ մրցանակը բաղկացած է երկու անձի համար Կաննում 5-աստղանի հյուրանոցի եւ ինքնաթիռի տոմսերից: 

Orange ապրանքանիշը 10 տարի շարունակ հանդիսանում է Կաննի կինոփառատոնի գլխավոր գործընկերը:

«Մենք սպասում էինք այս բաժանորդին: Այսօր մեր ընտանիքում տոն է, եւ մենք ուրախ ենք, որ «Ինտերնետ բոլորի համար» կարգախոսը իրականություն է դառնում Հայաստանում»,- ասել է Բրունո Դյութուան:

Ընկերության ղեկավարը տեղեկացրել է, որ վերջին շաբաթների ընթացքում ընկերությունն իրականացրել է 3G ցանցի ընդլայնման լայնածավալ աշխատանքներ, որոնք կշարունակվեն մայիսին: Բրունո Դյութուան ասել է, որ աշխատանքներից հետո Orange Armenia-ի 3G ցանցի թողունակությունը կկրկնապատկվի: