10:42 | 26.02.10 | Նորություններ | 3841

Ցանկացած հայ այսուհետ Հայաստանում ունի “ՎիվաՍել-ՄՏՍ” անունով ընտանիք, հայտարարել է Ռալֆ Յիրիկյանը

Երեւան/Մեդիամաքս/. “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը փետրվարի 24-25-ը մի շարք հանդիպումներ է անցկացրել Լիբանանի հայկական համայնքի երիտասարդ սերնդի ներկայացուցիչների հետ:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում, հանդիպումները կայացել են “ՎիվաՍել-ՄՏՍ` բիզնես, որն ունի առաքելություն” նախաձեռնության շրջանակներում, եւ “Ռալֆ Յիրիկյանի այցը իր ծննդավայր հրաշալի հնարավորություն էր կիսվել հաջողության հասնելու սեփական փորձով”:
 
ՙՙ“ՎիվաՍել-ՄՏՍ”-ը վաստակել է Հայաստանում բջջային առաջատար օպերատորի հեղինակությունը: Այդ ճանապարհը հեշտ չէր, սակայն ցանկալի պտուղը ճաշակելու հնարավորությունը հաղթահարելի էր դարձնում բոլոր բարդությունները: Մենք կարողացանք հաջողության հասնել կառավարման ճիշտ մոդել ընտրելու, հաջողության հարցում երբեք չկասկածելու եւ մեր հասարակության համար կորպորատիվ պատասխանատվությամբ առաջնորդվելու  շնորհիվ: Այսօր ցանկանում եմ այստեղ նստած երիտասարդների աչքերում տեսնել անպայման հաջողելու այդ նույն կրակը: Հավատացեք, ոչինչ այնքան հաճելի չէ, որքան աշխատանքիդ արդյունքները տեսնելը”,- ասել է Ռալֆ Յիրիկյանը:

“ՎիվաՍել-ՄՏՍ”-ի գլխավոր տնօրենը Լիբանանում հանդիպել է 10 հայկական դպրոցների աշակերտների հետ: Հանդիպման ընթացքում մասնակիցների համար կազմակերպվել է վիճակահանություն, որի արդյունքում վեց հաղթողներ հնարավորություն են ստացել այցելել Հայաստան եւ շրջել Հայաստանի պատմամշակութային տեսարժան վայրերում: “ՎիվաՍել-ՄՏՍ”-ն ամբողջությամբ կհոգա Հայաստանում գտնվելու նրանց ճանապարհային եւ կեցության ծախսերը:

ՙՑանկացած հայ, աշխարհի որ անկյունում էլ լինի, այսուհետ Հայաստանում ունի  “ՎիվաՍել-ՄՏՍ” անունով ընտանիք, որն իր դռներն է բացում մեր հայրենակիցների առջեւ, որպեսզի նրանք էլ ավելի հպարտանան իրենց հայրենիքով: Մեր հաղթանակները պատկանում են յուրաքանչյուր հայի` որտեղ էլ նա լինի”,-ավելացրել է Ռալֆ Յիրիկյանը: