14:31 | 25.02.10 | Նորություններ | 2858

Orange Armenia. iPhone-ի վաճառքը շուտով կսկսվի, իսկ Blackberry-ն կարող է ներկայացվել ավելի ուշ

Երեւան/Մեդամաքս/. Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան հայտարարել է, որ Հայաստանում iPhone-ի վաճառքի վերաբերյալ ընկերության ծրագրերը չեն փոխվել:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Բրունո Դյութուան այդ մասին ասել է` պատասխանելով www.Itel.am կայքում իր բլոգի այցելուների հարցերին:

ՙՈւրախ եմ հաստատել, որ մեր պլանները չեն փոխվել, եւ որ մենք նպատակ ունենք շուտով ներկայացնել iPhone-ը Հայաստանի մեր հաճախորդներին: Չեմ կարող ճշգրիտ ամսաթիվ ասել, այն առայժմ “գաղտնի ենք պահում”` ինչպես եւ առաջարկի կոնկրետ պայմանները: Բայց շուտով դուք կկարողանաք գտնել այս իսկապես յուրահատուկ հեռախոսը մեր խանութներում հատուկ առաջարկով”,- ասել է Orange Armenia-ի գլխավոր տնօրենը:

Պատասխանելով Հայաստանում Blackberry հեռախոսների վաճառքի հեռանկարների մասին հարցին` Բրունո Դյութուան ասել է, որ Orange Armenia-ի մոտակա պլաններում այն չկա: Սակայն, ասել է նա, չի բացառվում, որ “մենք ներկայացնենք այս ապրանքանիշը, քանի որ այն արտադրող ընկերությունը մեր Խմբի կարեւորագույն գործընկերներից մեկն է”: